ՀՀ ՊԵԿ մաքսային սպասարկման և հսկողության բաժնի պետը, նրա տեղակալն ու նույն բաժնի մաքսային տեսուչին մեղադրանքներ են ներկայացվել իշխանական լիազորությունները չարաշահելու, հարկեր չվճարելու համար։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնում վերջերս հայտնի դարձած դեպքի վերաբերյալ։
Հունվարի 16-ին տեղեկացրել էինք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 3 պաշտոնյա և ևս 1 անձ կալանավորվել են:
Ըստ նյութերի՝ նշված երեք պաշտոնյաները դեկտեմբերի 10-ին «Ագարակ» մաքսային անցման կետով ՀՀ մուտք գործած բեռնատարում 11 372 640 դրամի չափով մաքսային վճարման ենթակա բեռը թաքցնելու դիտավորությամբ, հիշյալ բեռի լիազոր ներկայացուցչի օժանդակությամբ, բեռնատարի վարորդին ցուցում են տվել շրջանցել անցակետի ռենտգեն հսկողության հատվածը:
Անհրաժեշտ ընթացակարգերը ոչ միայն չեն պահպանվել, այլև անցակետի տարածքից հեռանալուց հետո բաժնի պետի տեղակալի ցուցումով բեռնատարը կանգնեցվել է, և դրանից դուրս է բերվել վերը նշված բեռը, որից հետո բաժնի պետի տեղակալը կիրառել է ապահովման միջոցը և լուսանկարել այն։ Հարկման ենթակա բեռը թաքցնելով` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 11 372 640 դրամի վնաս։
Բաժնի պետի, նրա տեղակալի ու նրանց օժանդակած` բեռի լիազոր ներկայացուցչի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մաքսային տեսուչի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 5 մլն դրամի չափով գրավն ու պաշտոնավարման կասեցումը։
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
Sputnik Արմենիա
