Վերջին օրերին ինչ-որ խուճապ է համակել «փոքր խմբին», ինչպես կասեր Սամվել Կարապետյանը։ Հատկապես աչքի ընկավ, ինչպես հաճախ է լինում, Գևորգ Պապոյանը։ Հայտարարեց, թե իբր՝ եթե իրենց կուսակցությունը չհաղթի ընտրություններում, խաղաղություն չի լինի…
Սա ասում է այն թիմի ներկայացուցիչը, որը կառավարման 8 տարիների ընթացքում իր քաղաքականությամբ բազմիցս հանգեցրել է մեծ կամ փոքր մասշտաբի ռազմական բախումների: 2020-ին, 2021-ին, 2022-ին, 2023-ին: Նրանց կառավարման 8 տարիներից 4-ին եղել են ռազմական բախումներ՝ շնորհիվ «Քաղաքացիական պայմանագրի» «իմաստուն» քաղաքականության։
ԻՍԿ ՀԻՄԱ ԴԱՐՁԵԼ ԵՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»։ ԱՄԵՆ ԻՆՉ ՃԻՇՏ ՀԱԿԱՌԱԿՆ Է, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ ՆԻԿՈԼԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ։ Քաղաքական գործիչների մասին պետք է դատել ոչ թե խոսքերով, այլ գործերով։ Եթե նրանք հաղթեն ընտրություններում, ապա մեծ է հավանականությունը, որ իրենց քաղաքականությամբ նորից բանը հասցնեն զինված բախման։ Խաղաղությունը տևական կլինի, եթե ՔՊ-ն պարտվի ընտրություններում։
Վերադառնանք խուճապի թեմային: Թվում է, թե նրանք ամեն ինչ վերահսկում են։ Ընդդիմությունը ուժայինների, ֆինանսական կառույցների տոտալ ճնշման տակ է։ Ֆեյքերի բանակը, որոնք ցեխ են շպրտում բոլոր նրանց վրա, ովքեր դուր չեն գալիս իշխանությանը, նսեմացել են եկեղեցականներին մանկապղծության մեջ մեղադրելու աստիճան։
Իրենց ամեն ինչ կարելի է, բայց նրանք, պարզվում է, վախենում են այն հանգամանքից, որ ուրվագծվում են ընդդիմադիր խոշոր դաշինքներ։ «Ընտրող, քեզ ուզում են խաբե՛լ»,- ճղավում են Նիկոլի պատգամավորներն ու պատգամավորուհիները՝ սկսած թուրքական հարցերով մի ամբողջ բանակցողից։ Նույն այն անձից, որը սրտատրոփ սպասում է, թե երբ է Անկարան բացելու սահմանը իր զբոսաշրջային սեզոնին ընդառաջ։
Իսկ ո՞րն է այստեղ խաբեությունը: Ամեն ինչ շատ ազնիվ է: Շատերին է անցանկալի Նիկոլի վերընտրվելը։ Ընդդիմությունն ասում է՝ եթե չեք ուզում Փաշինյանի իշխանությունը, ամենևին էլ պարտադիր չէ քվեարկել կոնկրետ որևէ թեկնածուի օգտին, ահա ձեզ լայն ընտրություն…
«Փոքր խումբն» իրեն պատեպատ է զարկում հիստերիայի մեջ է. «Ընտրող, հետո միավորվելու են, ձեզ խաբո՛ւմ են»:
Ո՞րն է խաբեությունը: Եթե որևէ ուժ հավաքում է ավելի քան 50%, ապա կառավարություն է ձևավորում։ Եթե այդպիսի ուժ չկա՝ կա՛մ նոր ընտրություններ, կա՛մ կոալիցիա խորհրդարան անցած կուսակցություններից։ Ի՞նչ խաբեություն: Դուք վստահ եք, որ չնայած ընդդիմության նկատմամբ տոտալ բռնաճնշումներին, չնայած վարչական ռեսուրսի չարաշահմանը, չնայած միջնորդավորված ընտրակաշառքներին, մեծամասնություն չե՞ք հավաքի, իսկ ձեզ հետ ոչ ոք չի՞ պայմանավորվի: Դե, բայց դա ձեր խնդիրն է…
Չէ, իհարկե, հասկանալի է, թե ինչու է ՔՊ-ում խուճապ տիրել։ Նրանք համարում են, որ ընդդիմության դեմ քրեական գործերը բավարար չեն։ Ընդդիմադիրների ֆինանսական հաշիվների կալանավորումը բավարար չէ։ Տխմար մեղադրանքները, ընդհուպ մինչև մանկապղծություն, բավարար չեն։ Որպեսզի «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթի, պետք է, որ ընդդիմությունից ոչ ոք չառաջադրվի։ Ո՛չ դաշնակցականները, ո՛չ Ծառուկյանը, ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սամվել Կարապետյանը, ո՛չ Թևանյանը, ո՛չ Թաթոյանը, ո՛չ էլ որևէ այլ ոք։ Իսկ եթե մեկնումեկը մտադիր է առաջադրվել, ապա նախ՝ պետք է կանխավ ստանա իշխող թիմի համաձայնությունը, երկրորդ՝ հայտարարի, որ խորհրդարան անցնելու դեպքում աջակցելու է Փաշինյանին։
Այդժամ, ինչպես համարում են իշխող կուսակցությունում, ՔՊ-ն ձայների մեծամասնություն հավաքելու հնարավորություն կունենա։ Եվ ախր նրանք իրավացի են, գրո՛ղը տանի… Այդժամ նրանք իսկապես ավելի մեծ հնարավորություն կունենան:
