Логотип

ԱՄՆ-ի գերագույն դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի մաքսատուրքերը

ԱՄՆ գերագույն դատարանը այսօր անօրինական է ճանաչել Դոնալդ Թրամփի վարչակազմի տուրքերի մեծ մասը: Լուրը հրապարակվել է դատարանի կայքում։

Նախագահ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո մաքսատուրքեր է սահմանել ամբողջ աշխարհի դեմ՝ վկայակոչելով Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքը (IEEPA,) և արտակարգ դրություն է հայտարարել երկու սպառնալիքի պատճառով՝ Կանադայից, Մեքսիկայից և Չինաստանից թմրանյութերի շրջանառություն և ԱՄՆ-ի խոշոր առևտրային պակասուրդ: Այդ հիմքով նա 10-25 տոկոս սակագներ է սահմանել տարբեր երկրներից ներմուծումների համար։

Դատարանը մատնանշել է, որ Թրամփը հիմնվել է 1977 թվականի Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքի (IEEPA) վրա, որը նախագահին իրավունք է տալիս արտակարգ իրավիճակի պայմաններում «կարգավորել» տնտեսական գործառնությունները, սակայն նրան մաքսատուրքեր սահմանելու լիազորություն չի տալիս: Բարձրագույն դատարանը որոշել է, որ որպես սակագների հիմք այս օրենքի օգտագործումն անօրինական է:

««Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին» ԱՄՆ օրենքը (International Emergency Economic Powers Act, 91 Stat. 1626) նախագահին տուրքեր սահմանելու լիազորություն չի տալիս», – որոշել է ԱՄՆ գերագույն դատարանը։

Դատարանը նշել է, որ ԱՄՆ Սահմանադրությամբ հարկեր, տուրքեր և վճարներ սահմանելու իրավասությունը պատկանում է բացառապես Կոնգրեսին:

Մաքսատուրքերի չեղարկման օգտին քվեարկել են լիբերալ դատավորներ Կետանջի Բրաուն Ջեկսոնը, Ելենա Կագանը և Սոնյա Սոտոմայորը, որոնց միացել են պահպանողական դատավորներ Էմի Կոնի Բարետը, Նիլ Գորսաչը և դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը: Որոշմանը դեմ են քվեարկել Բրետ Քավանոն, Սամուել Ալիտոն և Կլարենս Թոմասը։

Դատարանի վճիռը սահմանափակում է մաքսատուրքերի կիրառումը և կարող է էապես ազդել Սպիտակ տան հետագա առևտրային ռազմավարության վրա:

Sputnik Արմենիա