Логотип

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահը հրաժարական է տվել Ջեֆրի Էպշտեյնի հետ ունեցած կապերի պատճառով

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ և գլխավոր տնօրեն Բյորգե Բրենդեն, ում անունը հայտնվել էր մանկապղծության մեջ մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի դոսյեում, հեռանում է իր պաշտոնից։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։

Ըստ գործակալության տեղեկությունների՝ նա իր հրաժարականի մասին հայտարարել է մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ ֆորումի ղեկավարությունն անկախ հետաքննություն է սկսել Էպշտեյնի հետ իր կապերի վերաբերյալ։

Ավելի վաղ Neue Zürcher Zeitung թերթը հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունների կողմից փաստաթղթերի հրապարակումից հետո Բրենդեն նամակ է հղել Համաշխարհային տնտեսական ֆորումի հոգաբարձուների խորհրդին։ Նամակում նա ամերիկացի գործարարի հետ հանդիպումներն անվանել է սխալ և ընդգծել, որ 2019 թվականի հուլիսին Էպշտեյնի դեմ ներկայացված մեղադրանքների մասին հայտնի դառնալուց հետո ինքը տեղեկացրել է ֆորումի իր վերադասներին այդ շփումների մասին։ Թերթը նշել է, որ հրապարակված PDF ֆայլերը պարունակում են բազմաթիվ էլեկտրոնային նամակներ և Էպշտեյնի ու Բրենդեի միջև իրականացված նամակագրություններ՝ 2018 և 2019 թվականների վերաբերյալ, որոնք վկայում են մտերիմ հարաբերությունների մասին։

News.am