Логотип

ԱԳՆ․ Իրանը չի ծրագրում ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլ անցկացնել

Իրանը մտադիր չէ ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլ անցկացնել։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Նրա խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները ցույց են տվել, որ լուրջ չեն վերաբերվում դիվանագիտական գործընթացի շարունակմանը՝ հակասական պահվածք դրսևորելով և անդադար խախտելով հրադադարի դրույթները։

ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնի վերջին գործողությունները, այդ թվում՝ լիբանանյան համաձայնագրերի խախտումը, Իրանի ծովային շրջափակման փորձը և իրանական առևտրային նավի վրա հարձակումը, ՄԱԿ-ի բանաձևերի համաձայն, ագրեսիվ գործողությունների վառ օրինակներ են։

«Խոսքի և գործողությունների միջև այս ակնհայտ հակասությունը խորացնում է իրանցի ժողովրդի կասկածները ԱՄՆ մտադրությունների վերաբերյալ։ Հետևաբար Իրանը բանակցությունների շարունակման վերաբերյալ համապատասխան որոշում կկայացնի՝ հաշվի առնելով իր ազգային շահերը», – նշել է Բաղային։

Նրա խոսքով՝ Իրանի կառավարությունը չի մոռանա Ամերիկայի կողմից դիվանագիտությանը բազմակի անգամ դավաճանելու դեպքերը։ Մոտ 9 ամսում Վաշինգտոնը երկու անգամ Իրան է ներխուժել բանակցությունների ընթացքում՝ խախտելով միջազգային իրավունքը, սպանելով բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքացիների` վնաս հասցնելով ազգային սեփականությանը։

Երեկ IRNA գործակալությունը հայտնել էր, որ Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելուց։

Sputnik Արմենիա