Логотип

Գետառ գետը վարարել է Մայակովսկի գյուղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աբովյան խոշորացված համայնքի Մայակովսկի գյուղի մի շարք փողոցներ երեկվանից ջրի տակ են. Գետառ գետը վարարել և հունից դուրս է եկել, գյուղի մի շարք հատվածներում ջուրը լցվել է մարդկանց բակեր և հողամասեր։

Բնակիչների խոսքով՝ գետի վարարման և հունից դուրս գալու պատճառը գետի մաքրման բացակայությունն է, որը վերջին անգամ կատարվել է 10 տարի առաջ։

Գյուղի բնակիչներից Սերյոժա Գրիգորյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց. «32 տարի այստեղ եմ ապրում, խնդիրը պարբերաբար լինում է, մոտ 10 տարի առաջ է գետը նորմալ մաքրվել, իսկ մնացած ժամանակ այնքան որ տրակտորով ձևական մաքրել են, որից ոչ մի արդյունք չի եղել։

Գյուղի վերևի հատվածներում խոզի մեծ ֆերմաներ կան, թույլ են տալիս, որ գոմաղբը, կոյուղին լցվի գետը, դա է պատճառը, որ գետը այս վիճակում է։ Ահավոր հոտ է գալիս։ Բացի այդ, գործարանների թույներն է լցվում, մենք չենք կարողանում ոռոգում անենք, ոռոգում ենք անում, ծառ, ծաղիկ, ինչ ունենք չորանում է։

Երեկ ցերեկվանից արդեն բարձրանում էր ջուրը, երեկոյան արդեն գնում, լցվում էր մարդկանց բակերը։ Խնդրի լուծումը պանելների վերանորոգումն է և լիարժեք գետի մաքրումը»։

Մեկ ուրիշն էլ ասաց, որ ավտոմեքենան ջրի մեջ էր մնացել, քարշակով են հանել, հիմա պետք է տանի վերանորոգման։

Գյուղացիներից մեկն էլ պատմեց. «Առավոտվանից ջուրը կամաց-կամաց բարձրացավ, երեկոյան ժամը 4-5–ին արդեն լցվում էր ճանապարհները։ Երբ արդեն տեսանք, որ ջուրը լցվելու է տները, զանգեցին եկան փրկարարները, օգնեցին։ Ամեն տարի այսպես վարարում է։

Մեր ժողովուրդն էլ անշնորհք է, գետն են լցնում էլ տելեվիզոր, դիվան, բարձ։ Աղբատար մեքենան շաբաթը երկու անգամ գալիս, հավաքում, տանում է, բայց մարդիկ էլի լցնում են»։