Логотип

Մալխաս Ամոյանը ըմբշամարտի Եվրոպայի հնգակի չեմպիոն է

Ըմբիշ Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն դարձավ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

ԿԳՄՍՆ–ից հայտնում են նաև, որ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալին արժանացել է 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանն առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի նկատմամբ:

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչում, որտեղ 4։0 հաշվով հաղթել էր Շվեդիայի ներկայացուցիչ Կառլ Բաֆին։ Քառորդ եզրափակչում Ամոյանը 10։0 հաշվով ջախջախել է Ուկրաինան ներկայացնող Իրֆան Միրզոևին, իսկ կիսաեզրափակչում առավելության է հասել Մոլդովան ներկայացնող Ալեքսանդրին Գուտուի նկատմամբ։

Իսկ Կարեն Ասլանյանը վճռորոշ գոտեմարտում ժամանակից շուտ 11:0 հաշվով հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցիչ Մաիրբեկ Սալիմովի նկատմամբ:

Ի դեպ, բրոնզե մեդալը նվաճելուն մոտ էր նաև 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, որը, սակայն, մեդալային գոտեմարտում 1:3 հաշվով զիջել է Բուլղարիայի ներկայացուցչին:

Այսօր ավելի վաղ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում իր նորամուտը նշող 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը դուրս է եկել եզրափակիչ: Մ23 տարեկանների ոսկե մեդալակիրը կիսաեզրափակչում ժամանակից շուտ վստահ հաղթանակ է տարել Եվրոպայի եռակի չեմպիոն Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհաթ Մամադլիի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ: Ոսկե մեդալի համար նա վաղը կգոտեմարտի սերբ Գեորգի Տիբիլովի հետ:

Բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք են ստացել նաև Սլավիկ Գալստյանը (63 կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ):

Sputnik Արմենիա