Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների իրական գինը Լեռնային Ղարաբաղի կորուստն է և 150 հազար մարդու բռնի տեղահանումը։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Պակիստանը երեք տասնամյակ շարունակ հրաժարվում էր ճանաչել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի պատճառով։ Իսկ հիմա իբր կարող ենք ունենալ «բարեկամական հարաբերություններ»։ Ինչ հիանալի դիվանագիտական հաղթանակ։ Չես կարող չմտածել՝ եթե հայ ժողովրդին ընտրություն առաջարկվեր՝ փաստացի անկախ հայկական Լեռնային Ղարաբաղի՞, թե՞ Իսլամաբադի հետ դիվանագիտական կապերի միջև, ո՞րը կընտրեին։ Ժպտացող լուսանկարների հետևում այս «հաջողության» իրական գինն է՝ հազարավոր հայերի կյանքեր, Լեռնային Ղարաբաղի կորուստ և 150 000 մարդու բռնի տեղահանում իրենց հայրենի հողից։ Բայց ոչինչ, առնվազն արձանագրություն ստորագրեցինք։ Սա հաստատ հիանալի կերևա ԱԳՆ տարվա ամփոփիչ հաշվետվության մեջ»,– գրել է Օսկանյանը ֆեյսբուքյան էջում։
Sputnik Արմենիա