Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Հայաստանի և Ադրբեջանի անդամակցության հարցը մնում է քննարկման փուլում: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Հնդկաստանն արգելափակել է կազմակերպությանը որպես լիիրավ անդամ անդամակցելու Ադրբեջանի, իսկ Պակիստանը՝ Հայաստանի հայտը: Հայաստանի ԱԳՆ-ում խուսափել են մեկնաբանել Իսլամաբադի գործողությունները՝ նշելով, որ այս փուլում չեն մանրամասնի գործընթացը, բայց բավականին կառուցողական մոտեցում են տեսնում Հայաստանի անդամակցության հարցում:
«Այս տարի ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը հայտ են ներկայացրել ՇՀԿ-ին անդամակցելու համար։ Ժամանակի սղության պատճառով հարցի վերաբերյալ որոշումը չէր կարող ընդունվել Թիենծինում անդամ պետությունների կողմից: Սակայն հարցը, որը վերաբերում է երկու երկրների անդամակցությանը, մնում է կազմակերպության քննարկման փուլում»,- ասել է նա՝ արձագանքելով ԶԼՄ-ներում հայտնված հրապարակումներին, որոնք վերաբերում են Հնդկաստանի կողմից Ադրբեջանի անդամակցության արգելափակմանը:
Ավելի վաղ ՇՀԿ-ի գործերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բախտիեր Խակիմովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի՝ կազմակերպությանը մասնակցության վերաբերյալ ընդհանուր ուղերձը գագաթնաժողովում դրական է եղել: Նա հավաստիացրել էր, որ արգելափակման թեման չի բարձրացվել ոչ աշխատանքային, ոչ քաղաքական մակարդակներում։
Հիշեցնենք, որ ՇՀԿ գագաթաժողովն անցկացվել է Չինաստանի Թիենծին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Գագաթնաժողովին մասնակցել են ավելի քան 20 պետությունների ղեկավարներ և 10 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Sputnik Արմենիա