«Նոր մանրամասներ են ի հայտ եկել Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Ադրբեջանի անդամակցության արգելափակման հանգամանքների վերաբերյալ»,-այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Լրատվամիջոցները հիշեցնում են՝ սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Հնդկաստանը կրկին վետո է դրել Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին որպես լիիրավ անդամի անդամակցությանը։ Պատճառը Բաքվի և Պակիստանի միջև դաշնակցային հարաբերություններն են։
Շանհայի համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թվականին Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի առաջնորդների կողմից Շանհայում։ Ներկայումս ՇՀԿ-ն ներառում է ինը երկիր, ինչպես նաև դիտորդ պետություններ։ Ադրբեջանն այժմ ՇՀԿ-ի երկխոսության գործընկեր է, բայց ձգտում է ստանալ դիտորդ երկրի կարգավիճակ։
APA-ն, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, նշում է, որ ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության արգելափակումը նախաձեռնել է ոչ միայն Հնդկաստանը։ Նշվում է, որ Ռուսաստանը նույնպես ակտիվորեն մասնակցել է այս գործընթացին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռուսաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների ժամանակ քննարկվել է ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցությունը խոչընդոտելու հարցը, և կողմերը համաձայնության են եկել այդ հարցում։ Սակայն Ռուսաստանը Հնդկաստանին դուրս բերեց առաջին պլան՝ մնալով ստվերում»։
Panorama.am