Այս իշխանությունները շատ փոքր դերակատարում ունեն համաշխարհային և մասնավորապես հայ ժողովրդի ու Հայաստանի պետության պատմության մեջ, որպեսզի կարողանան փակել Արցախի հարցը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19–ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը։
«Երկրորդ, այս տրված պայմաններով դրա հնարավորությունները չկան, բայց դա չի նշանակում, որ այդ հարցը չպիտի լինի օրակարգային, և ամենաամոթալին այն է, որ այլ երկրները՝ Շվեյցարիայի խորհրդարանը, Կանադայի պաշտոնական արձագանքը Վաշինգտոնյան արձանագրություններին, արձանագրում է, որ Արցախյան հարցը փակված չի և չի կարող լինել, իսկ մեր իշխանությունները դրանից վախենում են։
Այն հոխորտանքն ու ցինիզմը, որ Փաշինյանն ասում է՝ եթե դուր չի գալիս մեր ժողովրդին, պիտի հեռացնեն իշխանությունը, ես կարծում եմ, որ դրա պատասխանը մեր ժողովուրդը պիտի տա։ Դրա համար մենք փորձում ենք գտնել պրակտիկ կիրառական ուղիներ, որպեսզի հնարավորություն տանք մեզ բոլորիս, բարձրաձայնել այն հարցը և վերջապես իրականացնել Հայաստանում իշխանափոխություն։ Խոսքը բնականաբար, առաջարկված իմպիչմենտի լուծման մասին է»,–ասաց նա։
Մամիջանյանն ընդգծեց, որ Արցախի հարցը Փաշինյանի համար միշտ էլ ատելի է եղել. «Ինքը դեռևս ծախու լրագրող, հետո ծախու խմբագիր եղած ժամանակներից ատում է Արցախը, ատում է ցանկացած հայկականը, իր համար Քարահունջը քարերի կույտ էր, Շուշին էլ՝ դժբախտ և դժգույն։ Բայց Արցախի հարցը, Արցախի ֆիզիկական գոյությունը ապահովում էր այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության անվտանգային ճարտարապետության լրիվ այլ մակարդակ և լրիվ այլ երաշխիքներ։
Հարատև շարունակական խաղաղության ապահովման համար անհրաժեշտ են հաստատ ոչ WhatsApp-ի համարներ, դրա համար անհրաժեշտ են շատ ու շատ այլ լուծումներ: Արցախի հիմնախնդրի կարգավորման, արցախահայերի իրավունքների վերականգնման հարցը կարևորագույնն է հայ ժողովրդի, Հայաստանի, հայոց պետականության համար, որովհետև այդ խնդրի լուծումը մեր պարտքն է: Մենք պարտավոր ենք աշխարհին ցույց տալ, որ մենք տեր ենք մեր հայտարարություններին, մեր հայրենակիցներին, բայց զարմանալի չի, որ Փաշինյանը այդպես է մտածում, որովհետև մեր հայրենակիցները հիմա Բաքվում են, ու ինքը բացարձակ զրո տեր է կանգնում մեր և ձեր եղբայրներին։
Նմանօրինակ դրսևորումներն են իրականում ցույց տալիս, թե որքան է անկախ երկիրը, որքան է ինքնիշխան։ Մեր տարածքից 200 քկմ օկուպացված է ու դա նույնպես Փաշինյանին չի հետաքրքրում»,– ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը անվնաս հասել է Հայաստան, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Զարմանալի չի, որ Փաշինյանին դուր չի գալիս, որ Արցախի ռազմաքաղաքական առաջնորդներից մի քանիսը կարողացել են ողջ-առողջ գալ մայր Հայաստան։ Երևի ինքը կուզեր, որ բոլորը Բաքվի բերդերում տանջվեին, իր խոսույթից դա է երևում»։
Անդրադառնալով վարչապետի պնդմանը, թե Հայաստանն այսօր ավելի քան անկախ ու ինքնիշխան է, և հիմա է, որ Հայաստանն իրապես անկախացել է, Մամիջանյանն ասաց. «Հայաստանն այսօր ավելի քան անկախ է
Հայաստանի անկախությունը վաստակել են այ այս հերոսները, Փաշինյանը իր կեղտոտ բերանով անգամ իրավունք չունի դա արտաբերել։ Ինչ վերաբերվում է իր գալիք ուղերձին և նախորդիվ արածներին, ես կմեջբերեմ իր ուղերձը հռչակագրի օրվա։ Ասում է՝ եթե ես խուսափեի պատերազմից, մենք ավելի վատ զիջումներ կունենայինք։ Մեկը ինձ կարո՞ղ է բացատրել ավելի վատ զիջումը որն է։ Արցախը հանձնված է, շուրջ 140 հազար մեր հայրենակից անտուն է, մեր հայրենակիցները բանտում են, Հայաստանի պետության սուվերեն տարածքը օկուպացված է։ Դրանից դենը վատ ի՞նչ լուծում էր հնարավոր։ Ես ասեմ՝ ինչ լուծում էր հնարավոր, դա Փաշինյանի նույն թեզն է, որ ինքը ասում է, որ հոկտեմբերի կեսերին կարող էր կանգնեցնել պատերազմը, փրկելով հազարից շատ ավել կյանքեր, բայց ինքը դա չարեց, որ իրեն դավաճան չասեն։ Սենց, թե նենց դավաճան ես»։
Նա հեգնանքով շնորհակալություն հայտնեց իշխանություններին, որ այսօր՝ Արցախի հայաթափման տարելիցին համերգ չի կազմակերպել. «Չնայած, ինձ թվում է եղանակային պայմաններից է, որ բացօթյա համերգ չեն դրել, որովհետև Ջերմուկյան ագրեսիայի տարելիցի օրը սեպտեմբերի 13-ին համերգ էր։ 200-ից հոգուց ավել մարդ այդ օրը իր կյանքի գնով պաշտպանել է մեր երկիրը ու մեր անկախությունը»։
News.am