Логотип

Ընդդեմ ներկայացված ցուցմունք չկա․ Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է՝ քննչական ակտիվ գործողություններ կատարելու համար, սակայն այդ գործողությունները կատարվել էին մինչև կալանքի երկարաձգումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Նա նշել է, որ պաշտպանական կողմն օգոստոսի 14-ին դատարան միջնորդություն էր ներկայացրել, որ կատարվեն այդ ակտիվ գործողությունները կամ առերեսում կազմակերպվի։

«Ստացել եմ քննիչի որոշումը, ըստ որի. 1) Առերեսում կատարելու անհրաժեշտություն չկա, 2) Կատարված գործողությունների վերաբերյալ տվյալները, որոնք ընդհանրապես չկան, ներկայացվել է 2025 թվականի օգոստոսի 14-ին կալանքի երկարաձգման միջնորդությանը կից, այսինքն՝ մինչև կալանքի երկարաձգումը»,- գրել է Վարդևանյանը։

Պաշտպանը պարզաբանում է՝ կալանքը երկարաձգվել է, որ ակտիվ գործողություններ կատարվեն, բայց առերեսման կարիք, ըստ քննչական կոմիտեի, չկա։ Վարդևանյանն ընդգծում է՝ սա նշանակում է, որ գործում չկա ընդդեմ ներկայացված ցուցմունք:

«Քաղաքական հետապնդումը, իրավունքի ընդհանրապես ժխտողականությունը հենց ուղիղ այս ձևի է լինում»,- ամփոփում է Վարդևանյանը։

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:

Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Հուլիսի 17-ին նրան նոր մեղադրանք առաջադրվեցլ՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։ Օգոստոսի 15–ին ավելի քան 12 ժամ տևած դատական լսումներից հետո Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։

Sputnik Արմենիա