«Ամուսնուս շիրիմը Արցախում է մնացել, չենք հասցրել անգամ քարը տեղադրել։ Տղաներս դիմել են, որ շիրիմը բերենք Հայաստան, գոնե ծաղիկ դնելու տեղ ունենանք, բայց դեռևս արձագանք չկա»։ Լյուբա Մարդանյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում վերջերս տեղադրված «Արցախի կանչը» հուշահամալիրին է ծաղիկներ խոնարհում՝ ի հիշատակ 2023 թվականին Արցախում զոհված ամուսնու՝ Արմո Աբգարյանի։
NEWS.am–ի հետ զրույցում Լյուբա Մարդանյանը պատմում է՝ որդին ժամկետային զինծառայող էր, ամուսինն էլ որպես կամավոր էր դիրքեր բարձրացել։ Որդին վիրավորում էր ստացել, ամուսինը՝ զոհվել։
«Ամեն շաբաթ և կիրակի գալիս ենք, հարազատների շիրիմին ենք գալիս, հիմա, երբ հուշահամալիրը կա, այստեղ էլ ենք ծաղիկ դնում, լացում, սիրտներս մի քիչ հանգստացնում»,–պատմում է նա։
Լյուբա Մարդանյանը հուզվելով է հիշում 2023 թվականի սեպտեմբերի 26-ը, երբ ստիպված էր թողնել ամուսնու շիրիմն ու փրկել երեխաների կյանքը՝ հեռանալ Արցախից։
«Գնացի գերեզման, ամուսնուցս 10 անգամ ներողություն խնդրեցի, ասի՝ կներես, որ թողնում ենք քեզ։ Ծաղիկի խանութ ունեինք, բոլոր ծաղիկները տարա ամուսնուս ու մյուս զոհվածների շիրիմին դրեցի։ Մի քիչ հող եմ միայն վերցրել գերեզմանից։ Նկարն էլ չհասցրի տնից վերցրնել, ասացին՝ չեն թողնի մտնես տուն։ Տղաս թաքուն գնաց դպրոց, այնտեղից ամուսնուս նկարը վերցրեց»,–ասում է նա։
Տիկին Լյուբան ամուսնու հետ վերջին հեռախոսային խոսակցությունն է հիշում, ասում է՝ փոքր տղան քաղցկեղ ունի, ամուսինը հորդորել է ուշադիր լինել, լավ նայել նրան ու նշել, առավոտյան իջնելու է դիրքերից։ Հեռախոսազանգից մեկ ժամ անց Արմո Աբգարյանը զոհվել է։
«Ամուսնուս հաճախ ազգանունով էինք դիմում կատակելիս։ Շատ հումորով մարդ էր։ Միշտ ասում եմ՝ հիմա երևի մտածում է՝ կինս մի ագամ չեկավ շիրիմիս։ Անընդհատ մտքիս մեջ ասում եմ՝ Աբգարյան, կներես»,–ասում է տիկին Լյուբան։