Ամերիկյան New York Post օրաթերթը, որն ունի օրական առնվազն 800 հազար ընթերցող, հոդված է հրապարակել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի գործի մասին՝ ներկայացնելով այսպես՝ նա Հայաստանի ամենահարուստ մարդն է, որը գրեթե երեք ամիս է՝ պահվում է կալանավայրում։
Թերթը գրում է, որ նրան կալանավորել են՝ Հայաստանի Առաքելական եկեղեցուն աջակցող և վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատող հայտարարություններից հետո։ Forbes-ի գնահատմամբ՝ Կարապետյանի ունեցվածքը կազմում է 4,4 միլիարդ դոլար։ Ավելի վաղ գործարարը խոսել էր նոր քաղաքական ուժ ստեղծելու մտադրության մասին, ինչը, թերթի մեկնաբանությամբ, կարող էր դառնալ հետապնդման պատճառ։
Կարապետյանի հարազատները թերթին հայտնել են գործի քաղաքական ենթատեքստի մասին: Նրանք կառավարության դեմ 500 միլիոն դոլարի հայց են ներկայացրել՝ պնդելով, որ Կարապետյանի ակտիվները փաստացի բռնագանձվել են։ Բերագործի որդին՝ Սարգիսը, New York Post-ի հետ զրույցում ասել է․ «Հայաստանի քաղաքական դաշտում գրեթե այլևս չկան ազդեցիկ մարդիկ, որոնք գոնե մեկ անգամ չեն հայտնվել բանտում այս ռեժիմի օրոք»։
«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանն էլ նշել է, որ գործարարի թիմը հիմնում է նոր կուսակցություն, որն ունակ կլինի առաջարկել բարեփոխումներ երկրին։
Ինքը՝ Կարապետյանը, կալանավայրից հայտարարել է, որ գիտի՝ ինչպես ներգրավել մեծ ներդրողներին Հայաստանում և վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որոնք, ըստ նրա, փչացրել է գործող կառավարությունը։
Հայաստանի հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը սեպտեմբերի 8-ին մերժել էր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը՝ նրան կալանքի տակ թողնելով ձերբակալությունից մոտ 80 օր անց։ Պաշտպանական կողմը հայտնել է, որ բողոքարկելու է այդ որոշումը՝ ընդգծելով, որ Գլխավոր դատախազության փորձը՝ հաստատելու փողերի լվացման կասկածը, նույնպես մերժվել է։ Փաստաբանները գործարարի նկատմամբ հետապնդումը որակել են քաղաքական՝ հիշեցնելով, որ նրա ձերբակալությունը հետևել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը և Հայաստանի Առաքելական եկեղեցուն աջակցությանը։
Կարապետյանին մեղադրում են իշխանության բռնազավթման կոչերի և տնտեսական խախտումների մեջ։ Նա հայտարարել էր նոր քաղաքական թիմ ստեղծելու մտադրության մասին։
Armenia Today