ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին նա լրագրողներին ասել է «Համաշխարհային ատոմային շաբաթ» համաժողովի շրջանակում։
«Քննարկել ենք Իրանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր։ Ռուսաստանը, իհարկե, շատ կարևոր դեր է խաղում որպես 2015 թվականին կնքած միջուկային գործարքի գործընկեր։ Այս հարցում կայունություն ստեղծելու նպատակով նախագահը խոսել է համաշխարհային այլ առաջնորդների հետ: Այնպես որ, Ռուսաստանի նախագահի հետ խոսելու համար միշտ կան առանցքային թեմաներ», – ասել է նա։
Գրոսին հայտնել է նաև, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Իհարկե, քննարկել ենք հակամարտության միջուկային կողմը՝ ԶԱԷԿ-ը», – ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը:
Նշենք, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ակցնացվել է սեպտեմբերի 25-ի երեկոյան: Գրոսին Մոսկվայում մասնակցում է «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովին:
«Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովը, որը նվիրված է ատոմային և դրան հարակից ճյուղերին և անցկացվում է ի պատիվ ռուսական ատոմային ոլորտի 80-ամյակի, տեղի է ունենում սեպտեմբերի 25-28-ը:
Համաժողովին մասնակցում են ատոմային ծրագրեր զարգացնող երկրների, պետական կառույցների, խոշոր ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պրոֆեսիոնալ ատոմագետներ, գիտնականներ և գործարարներ:
Sputnik Արմենիա