Логотип

Փաստաբան․ Պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի հարցով վերաքննիչ բողոքի մակագրումը 22 օր անց դեռ չկա

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի հարցով վերաքննիչ բողոքի մակագրումը 22 օր անց դեռ չկա, հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավորը կալանավորված է 2025 թվականի հուլիսի 9-ից, օգոստոսի 21-ին կալանքը երկարաձգվել էր 3 ամսով:

«Դատական ակտը ստանալու պահից մի քանի օր անց` սեպտեմբերի 4-ին ներկայացրել ենք վերաքննիչ բողոք: Հիշում եք չէ Արմեն Դանիելյանին քաղաքական գործերով մակագրումը տեղի էր ունենում 24 ժամում, իսկ Արթուր Սարգսյանի գործով 22 օր անցնելու պայմաններում դեռևս նույնիսկ բողոքի մակագրում չկա», – շեշտել է Վարդևանյանը:

Նրա համոզմամբ՝ այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է այն, որ Սարգսյանի դեպքում չկար կալանքի որևէ հիմք, չկար նաև դրա անհրաժեշտությունը, քանի որ հիշեցման կարգով վերջինս անձամբ է ներկայացել նախաքննական մարմին՝ նախքան Ազգային ժողովի համաձայնությունը:

«Բայց ամեն կերպ ապօրինի կալանքը պահպանվում է», – նշել է փաստաբանը:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսի 7-ին ԱԺ-ում ներկայացրել էր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը, ինչին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ էր քվեարկել: Սարգսյանին կալանավորել էին «Սրբազան պայքար»-ի գործով։ Պատգամավորը մեղադրվում է հարվածային խմբերում ցուցարարներ հավաքագրելու համար։

Armenia Today