ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ։ Արժե, որ ԱԳՆ մամլո քարտուղարը ճշտի մի փոքրիկ, բայց սկզբունքային նրբություն. իսկ ի՞նչ է նշանակում տվյալ դեպքում «չի քննարկվում» ձևակերպումը: Այստեղ կարող է լինել երկու մեկնաբանություն։ Առաջին. այցն ընդհանրապես չի քննարկվում, քանի որ բացառված է, չի կայանալու, և թեման փակված է։ Երկրորդ. այցը դեռևս չի քննարկվում։ Ասենք, առաջին տարբերակը դժվար թե իրատեսական է, քանի որ այսօրվա Երևանի կտրականությունը հայ—թուրքական օրակարգի գործընթացին վերաբերող հարցերում ֆանտաստիկա է թվում։
Մնում է «դեռևս չի քննարկվում» վարկածը։ Իսկ դա նշանակում է, որ Թուրքիայի փոխնախագահի հայտարարությունը պետք է գնահատել ոչ թե որպես հաղորդագրություն կամ հրավեր, այլ որպես հրաման։ Դատեք ինքներդ։ Երևանում դեռևս չեն քննարկում Փաշինյանի այցի հարցը, իսկ Անկարան արդեն հաստատում է, որ նա գալու է։ Փաստորեն այնտեղ՝ Թուրքիայում, և՛ քննարկել են, և՛ որոշում կայացրել։ Նույնիսկ այցի ժամանակացույցն են ճշտել՝ նշելով, թե որտեղ, երբ և ինչով է զբաղվելու Թուրքիայում Հայաստանի վարչապետը։ Փաշինյանից պահանջվում է միայն հրամանի անվերապահ կատարում։
Ստեղծված իրավիճակում միակ բանը, որ կարող էր հերքել ասվածը, կլիներ Փաշինյանի հրապարակային ու կոնկրետ հրաժարումն այցից։ Իհարկե, բացառված չէ, որ արդյունքում նա Անթալիա չթռչի։ Բացառված չէ, որ այցի ձախողումը պատճառաբանվի կորոնավիրուսի հերթական ալիքով, որն իբր ախտահարել է Հայաստանի վարչապետին։ Բայց դա ամենևին էլ չի նշանակի, թե Փաշինյանը հրաժարվել է կատարել Անկարայի հրամանը։
Հայ—թուրքական «երկխոսության» ներկա փուլի համատեքստում շատերն են նկատել, որ գործընթացի տեղեկատվական լուսաբանման նախաձեռնությունն ամբողջությամբ թուրքական կողմի ձեռքում է։ Հիշեցնեմ, որ հենց Թուրքիայի արտգործնախարարն առաջինը հայտնեց, որ մեկնարկել է հայ—թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց։ Հետո դա հաստատեցին Երևանում։ Հենց Անկարան առաջինը նշանակեց կարգավորման հարցերով իր հատուկ ներկայացուցչին։ Հետո Երևանը նշանակեց իր պատվիրակին։ Անկարան առաջինը հաղորդեց այդ հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպման մասին։ Ավելի ուշ Երևանը լոկ հաստատեց տեղեկությունը։ Թուրքիայի ԱԳ նախարարը ծանուցեց Հայաստանի և Թուրքիայի միջև ավիահաղորդակցության մեկնարկի մասին, իսկ հայկական կողմը որոշ ժամանակ անց հաստատեց նման ծրագրերի առկայությունը: Հիմա էլ ահավասիկ Թուրքիայի փոխնախագահը հաղորդում է Փաշինյանի Թուրքիա կատարելիք այցի մասին, մինչդեռ Երևանը նման որոշում չունի։
Այո, ամենայն հավանականությամբ՝ ԱԳՆ մամուլի խոսնակը չի խորամանկում, հավաստիացնելով, որ Փաշինյանի այցը Թուրքիա չի քննարկվում։ Հրամանները կատարվում են և քննարկման ենթակա չեն։