Логотип

Պետական դավաճանության մեջ մեղադրվող ՀՀ ԱԳՆ աշխատակցի գործով նախաքննությունն ավարտվել է

Պետական դավաճանության մեջ մեղադրվող ՀՀ ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի գործով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան։ Sputnik Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից։

«Պետական դավաճանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան»,– նշել է կառույցը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակցի կողմից լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու համար պայմաններ ստեղծելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելու դեպքի վերաբերյալ: