Логотип

ԴԱՍԱԴՈՒԼ ԵՎ ԳՈՐԾԱԴՈՒԼ ԳՈՐԻՍԻ ԵՐԿՈՒ ՔՈԼԵՋՆԵՐՈՒՄ

Անժամկետ գործադուլ է հայտարարել նաև Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը։ Գոիսի պետական քոլեջում այսօր էլ ուսանողներն ու դասախոսները շարունակում են դասադուլն ու գործադուլը։ Այստեղ իրավիճակը լարված է։

«ԿԳՄՍ նախարարության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, այն էլ Արաքսիա Սվաջյանի կարգադրությամբ, բարոյական իրավունք չունի մտնելու Գորիսի պետական քոլեջ, քանի դեռ….»,-նշել են քոլեջից ու մանրամասնել որ հոկտեմբերի 7-ին Գորիսի պետական քոլեջ է այցելելու ԿԳՄՍ նախարարության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, ինչի մասին քոլեջի ղեկավարությունն իրազեկվել է հոկտեմբերի 6-ի օրվա երկրորդ կեսին: Նպատակն է՝ ներկայացնել նոր ստեղծվող քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին:

Քոլեջի դասախոսները հիշեցնում են, որ ներկայում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանում տեղի է ունենում Կարեն Լազարյանի հայցի քննությունը՝ ընդդեմ ՀՀ ԿԳՄՍ նախարարության:

«Իհարկե, Արմենուհի Պողոսյանը կարող է այցելել Գորիսի պետական քոլեջի շենք, բայց նրա հետ շփվելու կամ հաղորդակցվելու ցանկություն որևէ մեկը չունի: Քոլեջի շենքում նրան կդիմավորեն դատարկ միջանցքներն ու սառը պատերը: Իսկ մեր ներկայացուցիչները նրա հետ կհանդպեն դատարնի դահլիճում:

Բայց, եթե նախարար Ժաննա Անդրեասյանն իսկապես ուզում է նորմալ ձևով կազմակերպել երկու քոլեջի միաձուլումը, ապա ինքը (ինչպես ներկայացված է գործադուլավորներիս պահանջի մեջ) անձամբ պետք է ներկայանա Գորիս, առերեսվի իրականության հետ, բացատրություններ տա մի շարք հարցերի վերաբերյալ, որոնք ի սկզբանե կապ չեն ունեցել Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքների հետ»,-նշում են Գորիսի պետական քոլեջի աշխատակիցները։

Նախազգուշական, ապա անժամկետ գործադուլի մասին այսօր հայտարարել է նաև Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը։

«Աշխատողների ժողովի որոշմամբ ընտրված ներկայացուցիչները(այսուհետ՝ ներկայացուցչական մարմին), համաձայն ՀՀ ԱՕ հոդված 74-ի 1.1 կետի, տեղեկացնում են ձեզ, որ քոլեջի աշխատանքային կոլեկտիվը կազմակերպում է նախազգուշական գործադուլ՝ երեք օր հետո, 10.10.2025թ.-ին, ժամը 10։30-ից մինչև 12։30՝ երկու ժամով և անժամկետ գործադուլ՝ 15.10.2025թ.-ին, առավոտյան 9։00-ից»,-հայտնել են քոլեջից։

Գյուղատնտեսական քոլեջի ներկայացուցիչները պահանջում են Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի լուծարման և Գորիսի պետական երկու քոլեջների վերակազմակերպման հապշտապ, չհիմնավորված որոշման իրականացման կասեցում, քոլեջի կոլեկտիվի մտավախությունների համատեղ քննարկում քոլեջի այժմյան՝ ժամանակավոր շենքում։

«ՀՀ վարչապետին, ՀՀ ԿԳՄՍ նախարարին, Սյունիքի մարզպետին տեղեկացրել ենք Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի և Գորիսի պետական քոլեջի լուծարման ու բազմագործառութային քոլեջ ստեղծելու Կառավարության որոշման դեմ գյուղատնտեսական քոլեջի ողջ համակազմի մտահոգությունների մասին։

Գյուղատնտեսական մասնագիտությունների գրավչության բարձրացման ուղղությամբ քոլեջում բազմաթիվ աշխատանքներ են կատարվում, որոնք հավելյալ ջանքեր են պահանջում և միացումն, անպայման, կխոչընդոտի երկու քոլեջների մասնագիտական կողմնորոշման հսկայածավալ աշխատանքները բացարձակապես տարբեր ոլորտների համար միատեղելու աշխատանքներին։

Գյուղատնտեսական քոլեջի նոր կառուցվող տիպային շենքի ծավալները նախատեսված են 500 ուսանողի համար, մի սահման, որին կհասնի նախկինում 900-1000 ուսանողների տարողունակության փորձ ունեցող քոլեջը՝ Ռազմավարական զարգացման ծրագրով, մոտակա 4-5 տարիների ընթացքում։

Տարածքային աննպատակահարմարություն՝ նոր շենքի կառուցմանն ու վերակառուցմանը դեռ տևական ժամանակ կա և նպատակահարմար չէ

նոր ստեղծվելիք քոլեջի երկու հատվածների կենսագործունեությունը քաղաքի իրարից տարածքային բավականին մեծ հեռավորություն ունեցող հակադիր ծայրերում։

Կադրային հանգամանքներ՝ կան բազմաթիվ մտահոգություններ առանց այն էլ սեղմ հաստիքացուցակի հաստիքների սպասվելիք կրճատումների, ոլորտից անտեղյակ մարդկանց առաջմղման` տնօրենի հաստիքը և այլ հաստիքները զբաղեցնելու համար։

2. Գրեթե երկու տարի շարունակ գյուղատնտեսական քոլեջի ղեկավարման հավաստագիր ունեցող և ակնառու հաջողությամբ տնօրենի պարտականությունները կատարող անձի նկատմամբ բացահայտ շահերի ոտնահարումով մրցույթներ չկազմակերպելու բացատրություն և առանց հոդաբաշխ որևէ բացատրության «Ոչ նա-ոչ նա, այլ երրորդ անձ» տարօրինակ սկզբունքի մեջտեղ բերելու՝ գյուղատնտեսական ճանաչված ուսումնական հաստատության շահերի ակնհայտ ոտնահարման դադարեցում»,-ասված է Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի աշխատողների ժողովի ընտրյալ ներկայացուցչական մարմնի կազմի տարածած հայտարարության մեջ։

Panorama.am