Логотип

«ԱՐՀԱՎԻՐՔ Է»․ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ ՊԱՏՄԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը՝ Անահիտ Թարխանյանը, հոկտեմբերի 9-ին կայացած ասուլիսում «արհավիրք է» անվանել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցող վերանորոգման աշխատանքները։ Ասուլիսը հեռարձակվել է Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Ճարտարապետը տեղեկացրել է, որ «մասնագիտական փորձ չունեցող մեկը մի քանի օր առաջ դարձել է նախագծի գլխավոր ճարտարապետ և վերանորոգում է Եղեռնի հուշարձանը»։ Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ հուշահամալիրի համահեղինակ, ճարտարապպետ Սաշուր Քալաշյանը մի քանի օր առաջ դուրս է եկել հուշահամալիրի վերանորոգման աշխատանքային խմբից։

«Ակնկալում էի, որ հուշարձանի վերանորոգման աշխատանքների շուրջ փորձագետների մեծ մասնագիտական խումբ կձևավորվի, սակայն աշխատում է ընդամենը մեկ մարդ»,- շեշտել է ճարտարապետը։

Նա տեսանյութերով է ցույց տվել, թե ինչ իրավիճակ է այնտեղ։ Թարխանյանի խոսքով՝ մի մասում 12 աստիճաններից 4-ը քանդել են։ Ճարտարապետի դիտարկմամբ՝ հուշարձանի շուրջը «խրամատի չափ տարածք են փորում»։

«Քարերը շատ մեծ էին, և հնարավոր է՝ պոկել են, մնացածը մնացել են երկաթբետոնի մեջ ու փորձում են հարթեցնել, որ դրա վրայից նոր աբլիցովկա անեն, պատկերացնո՞ւմ եք։ Պատրաստվում են մինչև 4 մետր խորությամբ Արփա-Սևան թունելի պես խրամատ փորել հուշարձանի շուրջը»,- հավելել է նա։

Թարխանյանը նաև հայտարարել է, որ վերանորոգման աշխատանքների համար նախատեսվածից շատ գումար է դուրս գրվել բյուջից։ «Ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգման համար 5 անգամ ավելի մեծ գումար է ծախսվել»,- նշել է նա։

Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը հիմնանորոգման աշխատանքների առաջին իսկ օրվանից քննարկումների կենտրոնում է: Քննադատության հիմքում են շինարարական աշխատանքների կազմակերպման ձևն ու դրանց որակը։

Բարձրացված աղմուկից և բողոքի ակցիաներից հետո ԿԳՄՍ նախարարությունը մինչև սեպտեմբերի 8-ը դադարեցրել էր աշխատանքները, ապա հայտարարել, որ դրանք կվերսկսվեն նախագծի լրամշակումից հետո։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել էր, որ յուրաքանչյուր շաբաթ այցելում է հուշահամալիր և աշխատանքներին անձամբ է հետևում։

Armenia Today