Логотип

ՌԵԺԻՄԸ ԽԱՉԱԿՐԱՑ ԱՐՇԱՎԱՆՔ Է ՍԿՍԵԼ ԶԼՄ-ՆԵՐԻ ԴԵՄ

Իշխանությունը բոլոր ժամանակներում օգնել է Փաշինյանին

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանն օրերս հայտարարեց, որ ռեժիմը բռնաճնշումների նոր ալիք է նախապատրաստում։ Իմ կողմից հավելեմ, որ այս անգամ գլխավոր թիրախ են ընտրվել ԶԼՄ-ները։ Ընդդիմադիր պարբերականների դեմ բռնաճնշումների ուղեգիծը ռեժիմն ազդարարեց խստիվ ըստ ժամանակացույցի։ Ինչպեսև կանխատեսում էինք. նախ՝ Հաղթանակի գեներալները, երկրորդ և երրորդ նախագահները, այնուհետ՝ Հրայր Թովմասյանն ու ՍԴ դատավորները, հետո ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, «Դիմադրություն» շարժման փողոցային ակցիաների մասնակիցները, հիմա հերթը հասել է լրատվամիջոցներին՝ բռնաճնշիչ ապարատի գործողության բոլոր ուղղությունների ուժգնացմամբ։

Օրերս ռեժիմի պարագլխի շրջապատը սկսեց ակտիվորեն թեզեր տարածել այն մասին, թե այսուհետ իշխանության և ԶԼՄ-ների ներկայացուցիչները պետք է պարզաբանեն հարաբերությունները դատական կարգով։ Փորձագետների (մասնավորապես՝ Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի) նուրբ ակնարկներն առ այն, որ քաղաքակիրթ երկրներում լրագրողներին թույլատրված են փոքրիկ ազատություններ, որոնց բարձրաստիճան պաշտոնյաները մեծահոգաբար չեն արձագանքում, անցան Փաշինյանի դրածոների ականջի կողքով։ Ֆեյքերի ֆաբրիկայի հիմնադիր ռեժիմը որոշել է պատերազմ հայտարարել լրատվամիջոցներին, իսկ մենք որոշեցինք այդ ժեստին պատասխանել ոչ վաղ անցյալի փաստերով, թե ինչպես է բոլոր երեք նախագահների օրոք մեծ աջակցություն ցուցաբերվել Նիկոլ Փաշինյանի խմբագրական գործունեությանը։

1998-ին Փաշինյանը Աշոտ Բլեյանի հետ համատեղ հիմնեց «Օրագիր» թերթը, այդ գործում նրանց առավելագույնս աջակցեց ՆԳ նախկին նախարար, այն ժամանակ Երևանի ամենակարող քաղաքապետ, այժմ հանգուցյալ Վանո Սիրադեղյանը։ Այդ ժամանակից ի վեր Սիրադեղյանն ու Փաշինյանը բարեկամական սերտ կապեր ունեին։ Հետախուզման մեջ գտնվելիս Սիրադեղյանը հարցազրույց էր տալիս Փաշինյանի թերթին. ճիշտ է, լուրեր էին շրջում, որ Փաշինյանն ինքն է հորինում հարցերն ու ինքն էլ պատասխանում դրանց Վանոյի անունից։

ԶԼՄ-ները տարբեր ժամանակներում գրել են այն մասին, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցու բակում գտնվող խմբագրության տարածքը, որտեղ մուտքի մոտ մշտապես հերթապահում էր գլխավոր խմբագրի մեքենան (ավելի ուշ, Փաշինյանի վարկածով, այն հրկիզել են), պատկանում էր Բլեյանին։ Օգտագործելով մայրաքաղաքի աշխատակազմում ունեցած կապերը՝ Փաշինյանին հաջողվեց վերաձևակերպել այդ սեփականությունն իր անունով։ 1999-ին «Օրագիր» թերթը անհավաստի տեղեկություններ հրապարակելու փաստերով թաղվեց դատավարությունների մեջ և փակվեց, սակայն Փաշինյանը շատ արագ կենտրոնացավ «Հայկական ժամանակ» թերթի վրա, որն այն ժամանակ չէր տպագրվում։ Նիկոլը վերակենդանացրեց դա՝ իր խմբագրությամբ։

Դրանից առաջ թերթը պատկանել էր ՀՀՇ-ի գլխավոր գաղափարախոս, այն ժամանակ խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախկին նախագահ, այժմ հանգուցյալ Էդուարդ Եգորյանին, ինչպես նաև նախկին պատգամավոր Պետրոս Մակեյանին և էլի մի խումբ անձանց: Թերթի խմբագիրն էր Երվանդ Բոզոյանը, որն այժմ առավել հայտնի է որպես քաղաքագետ, որը պարբերաբար հանդես է գալիս իշխող ռեժիմին հասցեագրված խիստ քննադատությամբ: «Հայկական ժամանակի» բոլոր հիմնադիրները հրաժարվեցին թերթի նկատմամբ իրենց իրավունքներից, Փաշինյանը թողեց միայն Մակեյանին, որը Եգորյանի մահից հետո գլխավորում էր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը։

Սկզբնական շրջանում թերթի «առաջմղմանը» ակտիվորեն մասնակցում էին Սիրադեղյանը, Խաչատուր Սուքիասյանը, Անդրանիկ Մանուկյանը, Ավելի ուշ սկսեցին օգնել վարչապետներ Անդրանիկ Մարգարյանը, Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաև այն ժամանակ ամենակարող օլիգարխ Գագիկ Ծառուկյանը և այլք։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Փաշինյանին թույլ տվեց ընդլայնել խմբագրության տարածքը, ընդ որում խմբագրությունը տարիներ շարունակ հարկեր չի վճարել, ինչի մասին հայտնի է անթիվ հրապարակումներից։ Այս իրադարձությունները վերաբերում են այն ժամանակներին, երբ Մարգարյանը մերժեց տարածք տրամադրել Պարույր Հայրիկյանի ԱԻՄ կուսակցությանը, որը ծվարել էր Գրականության ինստիտուտի շենքում, բայց Նիկոլ Փաշինյանին վարչապետը չկարողացավ մերժել։ Իսկ երբ Երևանի քաղաքապետի աթոռը զբաղեցրեց «Չոռնի Գագո» մականունով Գագիկ Բեգլարյանը, Փաշինյանը հնարավորություն ստացավ սեփականաշնորհել խմբագրության տարածքը։

Ինչպես պարզվեց երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանի բացահայտումներից, Փաշինյանը իշխանավորների աջակցությունը վայելել է նաև Սերժ Սարգսյանի օրոք։ Վատիկանում ՀՀ նախկին դեսպանի պատմածից հետևում է, որ Արման Սահակյանի «Պրես Ստենդ» ընկերությունը պայմանագիր է կնքել «Հայկական ժամանակի» խմբագրության հետ՝ «վերադարձվածը» գնելու վերաբերյալ, այլ կերպ ասած՝ գնվել է ամբողջ տպաքանակը, ներառյալ չվաճառված օրինակները։ Մինասյանն իր մերկացուցիչ տեսանյութերից մեկում մատնանշեց, որ այդ պայմանագիրը «Հայկական ժամանակ»-ի էջերում իրականացված շանտաժի հետևանք էր, որի զոհերն են դարձել ինքը՝ Մինասյանն ու իր կինը՝ երրորդ նախագահի դուստրը։ Մինասյանի խոսքերով, իր կինը հիվանդագին էր արձագանքում այդ հրապարակումներին, այդ իսկ պատճառով ինքը ստիպված է եղել գործարքի գնալ Նիկոլի հետ։

Բնավ ոչ լիբերալիզմի ավելցուկից…

Լրատվամիջոցները բազմիցս գրել են, որ խմբագրության տարածքը շատ լավ է կահավորված, սակայն թերթը ներկայումս չի տպագրվում, կա միայն կայքը, իսկ մայրաքաղաքի կենտրոնում ողջ անշարժ գույքը պատկանում է Փաշինյանին։ Ինչպես տեսնում ենք, Հայաստանի բոլոր ղեկավարների օրոք ամենասկանդալային թերթին ցուցաբերվել է ամենաակտիվ աջակցություն։ Դա արվում էր բնավ ոչ լիբերալիզմի ավելցուկից, այլ պարզապես Փաշինյանը կարողանում էր կոկորդից բռնած պահել բարձրաստիճան պաշտոնյաներին, նրա հետ գերադասում էին գլուխ չդնել։

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐՈՎ ԹԵՐԹԻՆ ՕԳՆՈՒՄ ԷՐ ՄԻԱՅՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ։ Նա հաճախ էր քննադատում խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին այն բանի համար, որ պատշաճ ուշադրություն չեն հատկացնում տնտեսությանը։ Նա համարում էր, որ լրագրողներն անպայման պետք է կենտրոնացնեն ուշադրությունը տնտեսության և բիզնեսի հարցերի վրա։ Այդպիսի լրագրող գտնվեց. «Հայկական ժամանակ»-ում տնտեսական իրադարձությունների լուսաբանմամբ զբաղվում էր Հայկ Գևորգյանը, որն իշխանության զավթումից հետո դարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իսկ հետո հեռացավ Նիկոլից և այժմ աշխատում է «Հրապարակ» օրաթերթում։

Թե ուր կհասցնի Փաշինյանին ընդդիմադիր պարբերականների դեմ բռնաճնշումների ալիքը, և ինչ տեսք կունենան բարձրաստիճան պաշտոնյաները ԶԼՄ-ների հայելու մեջ, ցույց կտա ժամանակը, սակայն դժվար թե դա կասկածի տակ առնի հայտնի ճշմարտությունը, որ ԶԼՄ-ների դեմ պատերազմում հաղթողներ չեն լինում։

Առաջարկում եմ ԶԼՄ-ների հանդեպ առաջին դատավարությունը նվիրել 280 հազար դոլար գումարի հերքմանը, որ վճարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր շքեղ առանձնատան համար։ Եթե նախարարը չի ցանկանում հերքում տալ, ապա թող պատմի, թե ինչպես է հնարավոր 1 մլն դրամ աշխատավարձով գնել 280 հազար դոլար արժողությամբ առանձնատուն, և թե որ բանկն է այդպիսի գումարի վարկ տրամադրել իրեն։ Եթե ԶԼՄ-ների դեմ խաչակրաց արշավանքը նախատեսվում է սկսել դատական հայցերով, ապա ուզում եմ հիշեցնել, որ պարբերականի դեմ հայցով դատարան դիմել կարելի է միայն այն դեպքում, եթե նա հրաժարվում է հերքում տպագրել։

Լրատվամիջոցների դեմ ռեժիմի ներկայիս խաչակրաց արշավանքը վկայում է միայն այն մասին, որ Փաշինյանի բարձրաստիճան դրածոները թաքցնելու և վախենալու բան ունեն…