Մոսկվան նպատակ ունի Բաքվի հետ շարունակել քննարկել Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիների շուրջ ստեղծված իրավիճակը՝ նրանց շուտափույթ ազատ արձակելու և տուն վերադառնալու նպատակով: Այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Դուշանբեում ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցությունների թեմաները:
«Այդ ճանապարհին, իհարկե, դեպի առաջ քայլ դարձավ Sputnik Ադրբեջանի («Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ մասնաճյուղ) ղեկավար Իգոր Կարտավիխի խափանման միջոցի փոփոխությունը», – ասել է նա։
Մեկնաբանելով Պուտինի և Ալիևի բանակցությունները՝ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը հաստատում է 2022 թվականի փետրվարի 22-ին ստորագրված ՌԴ-ի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության հռչակագրի ողջ ներուժը բացահայտելու տրամադրվածությունը։
Դիվանագետը հիշեցրել է, որ հոկտեմբերի 13-ին Բաքվում տեղի է ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև եռակողմ հանդիպում, որը նվիրված էր էներգետիկայի, տրանսպորտի, մաքսային ոլորտներում համագործակցությանը: Դրան մասնակցել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ադրբեջանական կողմի հետ տեղի են ունեցել երդյունավետ երկկողմ շփումներ», – ասել է Զախարովան:
Դիվանագետը նշել է, որ Մոսկվան շահագրգռված է տարբեր տարածաշրջանային ձևաչափերում՝ ԱՊՀ, ՇՀԿ, «Կասպյան հնգյակ», «3+3», եվրասիական անվտանգության ժամանակակից ճարտարապետության կառուցման համատեքստում Բաքվի հետ սերտ փոխգործակցությամբ:
«Մենք տեսնում ենք Եվրասիական տնտեսական միության հետ Բաքվի երկխոսության սերտացում, ինչի մասին է վկայում Ադրբեջանի վարչապետի՝ որպես պատվավոր հյուրի մասնակցությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին։ Հերթական նման միջոցառումը տեղի է ունեցել Մինսկում այս տարվա սեպտեմբերի 30-ին։ Մենք դրական ենք գնահատում Բաքվի հետ փոխգործակցությունը նաև ԱՊՀ ձևաչափում», – նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվան ողջունում է Բաքվի միանալը հոկտեմբերի 10-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի ամփոփիչ մի քանի փաստաթղթերին:
Sputnik Արմենիա