Логотип

Վարդևանյան․ Forbes-ի ցանկում գտնվող ՀՀ քաղաքացին 4 ամիս է՝ կալանքի տակ է

Լեզուց չի պտտվի ասել, որ քննիչները ներկայացնում էին դիրքորոշում, իրենք չէին ներկայացնում դիրքորոշում, իրենք պարզապես թղթից կարդում էին, մի թղթից, որը բովանդակային իմաստով ոչ մի առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15–ին, հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց հայտնի գործարար Սամվել Կարապետյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով հարցին, թե կալանքի միջնորդության քննարկման ժամանակ մեղադրող կողմն ի՞նչ փաստարկներ էր ներկայացնում։

«Որքանով, որ կարող եմ ներկայացնել, հետևյալն էր, որ դեռևս իրենք ունեն վարույթային գործողություններ, որոնք պետք է կատարեն, թե որոնք են դրանք պարզ չէ։ Եթե նայում ենք Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների տեսանկյունից, եթե վկայակոչում ես որևէ ռիսկ, որ անձի անձնական ազատության իրավունքը շարունակական տևող կերպով սահմանափակվի, պետք է այն ունենա կոնկրետություն, պետք է բխի կոնկրետ հանգամանքներից և իհարկե գործի փաստական տվյալներից։ Դրանցից որևէ մեկը չկա, բայց ասում են՝ գիտեք ինչ, մենք 50-ից ավել քննչական խումբ ենք, բայց 60 օրն էլ բավարար չի, ի դեպ ոչ թե 60, այլ 120 օրն էլ իրենց բավարար չի։ Ի վերջո հիշենք, որ այդ նույն խումբը սկսել էր դեռևս հունիսի 17-ից իրենց գործողությունները։

Երկրորդը, իհարկե շատերի համար ծիծաղելի կթվա, բայց քննչական մարմինը գտնում է, որ այստեղ կա նաև թաքնվելու ռիսկ։ Ինչի՞ց թաքնվի, օրինակ, Սամվել Կարապետյանը, ինչի՞ց պետք է թաքնվի, այս աբսուրդային մեղադրանքի՞ց, ի՞նչը պետք է լինի շահագրգռվածությունը։

Հաջորդը, Սամվել Կարապետյանը հուլիսի 4-ի իր ուղերձում հայտարարել էր, որ ինքը քաղաքական հայտ է ներկայացնում։ Այդ պայմաններում ի՞նչ թաքնվելու ռիսկ»,–ասաց փաստաբանը։

Նա հայտարարեց, որ այս բոլոր հարցերի պատասխանները թաքնված են Facebook–ում հունիսի 17–ին վարչապետի գրառումների մեջ. «Դրանով սկիզբ դրվեց քաղաքական հետապնդմանը։ Քաղաքական հետապնդումը իհարկե կարող է ունենալ տարբեր շարժառիթներ, դրանցից մեկն իհարկե, բուն քաղաքական գործընթացն է։ Անհանգստությունը, որը նկատվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ, ցանկացած անաչառ դիտորդ ևս կհաստատի»։
Անդրադառնալով երեկ կայացած դատական նիստին, Վարևանյանը նշեց, որ այն իր մեջ որոշակի դինամիզմ ուներ. «Արդյո՞ք դա հուսադրող է, թե ոչ, դեռևս վաղ է դրա մասին խոսել։ Մենք ինչ-որ իմաստով գտնվում ենք մի որոգայթի կամ մի անհասկանալի իրավիճակի մեջ, որտեղ մեր ակնկալիքը, եթե տոկոսային հարաբերակցությամբ ասեմ, 5-ից 10% իրավաբանությունն է։ Եթե 5-ից 10% իրավաբանություն, արդարադատություն, արդար դատաքննության իրավունք ապահովվի, ապա քաղաքական հետապնդումը ոչ թե ամբողջությամբ կդադարեցվի, այլ առնվազն իրավունքների կոպտագույն խախտումները կարող են նվազել։ Եթե ՀՀ ցանկացած քաղաքացու հարց ուղղվի, թե ինչի համար է Սամվել Կարապետյանը շուրջ չորս ամիս անազատության մեջ, ապա բոլորի պատասխանն էլ լինելու է, որ այստեղ իրավաբանություն չկա»։

Փաստաբանը հիշեցրեց, որ նախորդ նիստերի ժամանակ փողերի լվացման աբսուրդային մեղադրանքով կասկածը չի հաստատվել, և տրամաբանական էր, որ կալանքը վերացվեր կամ առնվազն փոփոխվեր, սակայն դա տեղի չունեցավ։

Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանը պետք է լինի աշխարհի օրինակելի երկրներից մեկը, ոչ թե, օրինակ, տարբեր միջազգային լրատվամիջոցներ Հայաստանի մասին ասեն, որ Ֆորբսի ցուցակում գտնվող ՀՀ քաղաքացին չորս ամիս է, ինչ գտնվում է անազատության մեջ, ամենաինտենսիվ սահմանափակման պայմաններում։ Իսկ թե ինչի համար ոչ մեկ գաղափար չունի։

News.am