Այսօր Արագածոտնի թեմում կատարված խուզարկություններն ու ձերբակալությունները կատարվել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի հաղորդման հիման վրա։ Լրագրողների հետ հեռախոսազրույցում այս մասին ասաց կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը։
Նշենք` Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամը սեպտեմբերի 16-ին «Հանրային» ՀԸ եթերում հայտարարել էր, որ «2021 թվականի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ»։
Իոաննիսյանն ասաց, որ դատախազությանն ուղղված հաղորդման մեջ խնդրել են քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին տեր Արամ քահանայի հայտարարությունները, սակայն մինչ այս պահն իրենց հաղորդման հետ կապված որևէ նորություն չունեին։
«Այսօր էլ որ ձերբակալությունները ֆիքսեցին, մենք չգիտեինք, որ մեր հաղորդման հիման վրա է։ Ընթացքում հասկացանք, որ մեր հաղորդման հիման վրա է հարուցված գործը»,- ասաց նա։
Իոաննիսյանի խոսքով՝ իրենք միշտ իրավապահների ուշադրությունը հրավիրում են հրապարակային դաշտում ժողովրդավարական կարգին դեմ ուղղված որևէ արարքի վերաբերյալ հայտարարությունների վրա՝ անկախ նրանից, թե ով է կատարել արարքը։
«Հաղորդման մեջ ենթադրյալ կատարողների անուններ, առավել ևս եկեղեցականների անուններ, ոչինչ չկար։ Միայն ուշադրություն ենք հրավիրել»,- ասաց Իոաննիսյանը։
Նշենք, որ այս հարցով իրավապահների ուշադրությունն է հրավիրել նաև իշխանամերձ «Araratnews» կայքը` տեր Արամի հայտարարություններն ուղարկելով դատախազություն։
«ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ պատասխանել էին, որ այն փոխանցվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն՝ դրանում նշված հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով»,- գրել է կայքը։
Ի՞նչ է ասում օրենքը
2021 թվականին ընդունված Քրեական դատավարության մասին օրենսգրքի 173–րդ հոդվածի4–րդ կետով Զանգվածային լրատվության միջոցներում առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկությունները քննիչի համար կարող են քրեական վարույթ նախաձեռնելու առիթ լինել: 175–րդ հոդվածի համաձայն էլ Ֆիզիկական կամ իրավաբանական անձի փոստային հաղորդումը նույնպես կարող է հիմք հանդիսանալ քրեական վարույթ հարուցելու համար։
Հիշեցնենք` այսօր վաղ առավոտից Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանն իրավապահները խուզարկություն են իրականացրել, ապա ձերբակալել նրան։ Սրբազանից բացի ձերբակալվել են նաև Արագածոտնի թեմի 5 քահանաներ ու աշխարհիկ անձինք։ Քննչական կոմիտեն Sputnik Արմենիային հայտնեց, որ հոգևորականները ձերբակալվել են «հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու» կասկածանքով։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալված հոգևորականների թիվը հասել է 11–ի, այդ թվում է նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպաս Պռոշյանը։