ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է՝ Արցախյան 44-օրյա պատերազմն անխուսափելի չէր։ «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ նա թվարկեց այն 3 հիմնական պատճառները, որոնք պատերազմի հանգեցրին։
«ԱՌԱՋԻՆ ՊԱՏՃԱՌԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՆ ԷՐ և ընդհանրապես հրաժարվելը։ Բացի այդ, բանակցողներն ինչ-որ անհասկանալի տարբերակ առաջարկեցին և այս երկուսը միասին բերեցին նրան, որ բանակցային պրոցեսը դադարեց»,- նշեց ՀՀ երրորդ նախագահը։
Երկրորդ պատճառը, ըստ նրա, այն էր, որ տեղի ունեցան այնպիսի գործողություններ, որոնք հնարավորություն տվեցին Ադրբեջանին արդարացնելու իրենց ռազմական նախաձեռնությունը՝ պատերազմ սկսելը։
«Երրորդ պատճառն այն էր, որ ադրբեջանական և թուրքական հետախուզությունները շատ լավ տիրապետում էին մեր բանակում տիրող իրավիճակին և տեսնում էին, որ մեր բանակի մարտունակությունը բավականին ընկել էր»,- նշեց Սերժ Սարգսյանը։
Անդրադառնալով բանակցային գործընթացի տապալմանը՝ ՀՀ երրորդ նախագահը նշեց, կարծում է, որ երկրի ներկա ղեկավարը սկզբնական շրջանում պարզապես չի կարողացել լիարժեք տիրապետել բանակցային գործընթացին, որովհետև միայն փաստաթղթեր ընթերցելով դժվար էր հասկանալ, թե այդ փաստաթղթերն ուր են տանում կողմերին։ Նրա կարծիքով՝ արդեն Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ինչ-որ պայմանավորվածություն էր ձեռք բերել Ադրբեջանի նախագահի հետ։
«Ինչո՞ւ եմ այդպես կարծում, որովհետև դրանից հետո տեղի ունեցան իրադարձություններ, որոնք սկսեցին խիստ անհանգստացնել։ 9 տարի շարունակ համանախագահները և նաև Եվրախորհրդի անդամ երկրների արտգործանախարարները կրկնում էին այն, ինչ ասում էին համանախագահները, որ խնդիրը պետք է լուծվի հայտնի 3 սկզբունքների հիման վրա։ Չգիտես, թե ինչու 2019թ․ սկզբում փոխեցին այդ դիրքորոշումը և, բնականաբար ՝ Հայաստանի համաձայնությամբ, և գրեցին, որ խնդիրը պետք է լուծվի արդարության սկզբունքով»,- նշեց Սերժ Սարգսյանը։
Հավելեց՝ այս սկզբունքը շատ հարաբերական էր, ու կարծում է, որ դա արվել է Ադրբեջանի պահանջով։ Նախկինում նման փորձեր եղել էին, բայց այստեղ, չի բացառում, որ «ինչ-որ առևտուր էր կայացել»։
«Այո՛, մենք սրան համաձայն ենք, դու էլ մի՛ կրակիր սահմանին»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի ցավալի ելքին, ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ մինչև 2018թ․ նման ելքը միանշանակ կանխատեսելի չէր։ Արդեն 2018թ․ երկրորդ կեսին և 2019թ․ սկսեց խնդիրներ տեսնել ՀՀ զինված ուժերում, իսկ արդեն 2020թ․ իր անհանգստությունները հաստատվում էին։ Հիշեցրեց, որ 2020թ․ օգոստոսին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր՝ ռազմական գործողությունները շատ են մոտեցել։
Երկու անգամ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը Արցախի ղեկավարության հետ անվտանգության խորհրդի նիստ արեց ու հայտարարեց, որ բանակցային նոր փաստաթուղթ չկա, խոսքը ԵԱՀԿ առաջարկի մասին է։ ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ այդ ժամանակ իրենք տեղեկություններ էին ստացել այն մասին, որ նման փաստաթուղթ կա։
«Ես Արցախի ղեկավարությանն ասել եմ` կա նման փաստաթուղթ, խնդրում եմ՝ գնացեք էդ կառավարիչի մոտ և ասեք՝ թող ձեզ ցույց տան էդ փաստաթուղթը․․․ Այդպես ընթացավ մինչև ՌԴ ԱԳՆ-ն 2020 թ. մայիսին, թե հունիսին հայտարարեց, որ կա նման փաստաթուղթ։ Այդ փաստաթուղթը ես տեսել եմ ոչ թե այն ժամանակ, այլ մի 8–9 ամիս առաջ։ Ես այն ժամանակ կարծում էի, որ այդ փաստաթուղթը ընդունելի չի մեզ համար, սակայն հետո հասկացա, որ այն կարող էր հանգիստ լինել բանակցությունների հիմք»,– հայտարարեց Սարգսյանը։
ՀՀ-Ն ՊԵՏՔ Է ԿԻՐԱՌԵՐ ԱՄԵՆԱՀԶՈՐ, ՀԵՌԱՀԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ 1-ԻՆ ՐՈՊԵՆԵՐԻՑ
Հայաստանը պետք է կիրառեր ամենահզոր և հեռահար համակարգերը 2020-ին Ադրբեջանի հարձակման առաջին իսկ րոպեներից, – հայտարարեց Սերժ Սարգսյանը։
«Դա կարող էր բերել նույնիսկ էդ հարձակողական օպերացիայի կանխարգելմանը, ձախողմանը»,- ասաց նա։
ՀՀ երրորդ նախագահը շեշտեց՝ ամենակարևորը պատերազմի նախորդ օրն էր, երբ նաև երկրի իշխանությունները գիտեին՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսվելու են ռազմական գործողություններ։
«Եթե ես լինեի, կվարվեի այնպես, ինչպես Ապրիլյան քառօրյայի սկսվելու օրը վարվեցի։ Նախ կզանգահարեի գլխավոր շտաբի պետին ու կասեի՝ արդյոք զորքերը բերե՞լ եք առաջին մարտական պատրաստականության։ Դրական կամ բացասական պատասխան ստանալուց հետո, միևնույն է, կզանգահարեի Արցախի ՊԲ հրամանատարին և նույն հարցը կտայի։ Բացասական պատասխանի դեպքում պարզ է, թե ինչ տեղի կունենար»,- նշեց Սերժ Սարգսյանը։
Հավելեց՝ դրանից հետո նաև կհարցներ, թե արդյոք առաջնագիծը համալրվե՞լ է, ՀՕՊ ու հրետանային միջոցները տեղափոխվե՞լ են, արձակուրդից հե՞տ են կանչվել հրամանատարները և այլն։
ՀՀ երրորդ նախագահը չի հասկանում, թե ինչպես էր հնարավոր պատերազմի հենց առաջին ժամերին կորցնել ՀՕՊ միջոցների կեսը։
ԿԱՍԿԱԾ ՈՒՆԵՄ, ՈՐ ԳԵՐԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԵՂԵԼ ԵՆ ՄԱՐԴԻԿ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՄԲ
Բաքվի բանտում գտնվող Արցախի ղեկավարներն այլ ելք չունեին` կամ պետք է փախչեին, գային Հայաստան` դրանով իսկ վարկաբեկելով իրենց, կամ գնալ ինքնազոհողության, – ասաց ՀՀ երրորդ նախագահը։
Նրա խոսքով` Արցախի ղեկավարությունն ընտրեց 2–րդ ճանապարհը` ինքնազոհողությունը` սպասելով այնքան, մինչև մարդկանց ճնշող մեծամասնությունն անցան անցակետով։
«Կար տարբերակ, որ նրանց էլ օդային ճանապարհով նրանց էլ էվակուացնեին, ինչպես դա արեցին արդեն գործող նախագահ Սամվել Շահրամանյանին և մի քանի հոգու։ Ես մեծ կասկած ունեմ, որ այդ ցուցակում ընդգրկվել են մարդիկ` ոչ առանց Հայաստանի միջամտության, քանի որ ինձ համար շատ տարօրինակ է, թե ինչու, օրինակ, ադրբեջանցիները պիտի թողնեին գործող ՊԲ հրամանատրին սահմանն անցնել ու հասնել Հայաստան, իսկ պաշտպանության նախարարին, որն արդեն երկու տարի է` թողել էր պաշտոնը, գերեվարեին»,– հայտարարեց նա։
Սարգսյանի խոսքով` այդ ցուցակի մասին տեղյակ է եղել նաև Սամվել Շահրամանյանը, և կգա ժամանակը նա այդ ցուցակի մասին մանրամասն կխոսի։
ԵՐԲ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՎԵՐԱՑՐԻՆ, ՈՐՈՇԵՑԻ ԳՆԱԼ ԱՐՏԵՐԿԻՐ, ԴԱՏԱԽԱԶՆԵՐԸ ԲՈՂՈՔ ԲԵՐԵՑԻՆ
Երբ դատարանը ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը` երկրից դուրս գալու արգելքը վերացրեց, նա որոշեց տոմսեր գնել և գնալ արտերկիր, – ասաց Սերժ Սարգսյանը։
«Տոմսեր գնեցի և նոյեմբերի 8–ին 8–9 օրով պետք է գնայի արտերկիր, ապա վերադառնայի։ Մինչդեռ հաջորդ օրը տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ` դատախազները բողոք բերեցին դատարաններ»,– հայտարարեց Սարգսյանը։
Ի դեպ, փոդքասթի արտագնա թողարկումը ուղիղ եթերում հեռարձակվում է Սերժ Սարգսյանի աշխատասենյակից։
Sputnik Արմենիայի նյութերով
