Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում, հնարավոր է, արտահերթ սահմանազատելի հատվածներ լինեն՝ նպաստելու TRIPP-ի ենթակառուցվածքային զարգացմանը։ Ադրբեջանական կողմի աշխատանքային շփումները պարբերական բնույթ ունեն։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի հարցին։
Պատգամավորը հետաքրքրվել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների միջև ինչ շփումներ կան, գործընթացն ինչ փուլում է, և ինչպես է անդրադարձել օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունը։
«Օգոստոսի 8-ի իրադարձությունը միանգամից հանգեցրեց նրան, որ երկկողմ ստիմուլ կա շարունակելու սահմանազատման գործընթացը։ Բացի դա, ավելի կոնկրետացան խոսակցություններն այն մասին, թե ենթակառուցվածքներն ինչ դիրք կունենան, և դիրքից կախված որ հատվածները մենք պետք է սահմանազատենք, որ նույնիսկ նախագծային աշխատանքները սկսելու համար աշխատանքային բազա ունենանք»,- նշեց ՀՀ փոխվարչապետը։
Նա կարծում է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ շփումները կառուցողական են և որոշ ժամանակ անց պարզ կլինի պատվիրակությունների հաջորդ հանդիպման օրը։
«Գործընկերոջս հետ պարբերական աշխատանքային շփումներ կան։ Վերջին հանդիպումը, որ տեղի է ունեցել, մենք այցելեցինք միասին հարավ և Ադրբեջանի տարածք, բայց դա հիմնականում կապ ուներ TRIPP-ի հետ կապված սահմանազատման հնարավոր ֆրագմենտների և գործընթացի հետ, որն ուղղակիորեն կապ ուներ ենթակառուցվածքների լոկացիայի հետ։ Բայց, իհարկե, նաև աշխատանքային առանձին կոնտակտներ կան, որոնք վերաբերում են ուղղակիորեն գործընթացի շարունակությանը»,- նշեց Մհեր Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ավելին չի կարող հայտնել։
Sputnik Արմենիա
