Логотип

«Տաշիր Կապիտալ» ընկերության փաստաբանը Ռոմանոս Պետրոսյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր՝ նոյեմբերի 12-ին, առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին։

NEWS.am–ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ ՀԷՑ–ի տնօրենի ժամանակատվոր պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն է նշանակել Արմեն Շահնազարյանին՝ նման պաշտոնում վերջինի նշանակումը կատարելու փաստական հիմքերի բացակայության պայմաններում, նաև նշանակման ընթացակարգի բացահայտ անտեսմամբ։

Փաստաբանի խոսքով, ըստ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ղեկավար աշխատողներին ներկայացվող չափորոշիչների համաձայն,

ֆինանսական և տնտեսագիտական գծով աշխատանքները համակարգող բարձր ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պետք է ունենա ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտի բարձրագույն կրթություն և առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, որից 5 տարին՝ ղեկավար պաշտոններում։

«Խախտելով քննարկվող պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող վերոնշյալ պահանջները, շրջանցելով նաև պատշաճ ընթացակարգը՝ Ռոմանոս Պետրոսյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն է նշանակել Արմեն Շահնազարյանին՝ դա իրականացնելով առանց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով թեկնածուի համապատասխանության ստուգման վերաբերյալ դիմում ներկայացնելու և Հանձնաժողովի համաձայնությունը ստանալու, ինչը Հանձնաժո-ղովի վերոնշյալ որոշմամբ սահմանված ընթացակարգի բացահայտ խախտում է»,–հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին ներկայացրած հաղորդագրության մեջ նշել է փաստաբանը։

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ Ռոմանոս Պետրոսյանի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մասին վկայող բավարար փաստական տվյալներ, ինչը հաղորդումը պատշաճ դիտարկելու և դրա հիման վրա քրեական օրենսգրքով նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական տալու արդյունքներով քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմք է: