ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական աշխատանքային խումբը կգլխավորի պետքարտուղարի տեղակալ Սոնատա Քոուլթերը։ Ինչպես հաղորդում է APA-ն, դրա մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերը։
Պետքարտուղարի տեղակալն ասել է, որ իր համար պատիվ է գտնվել Բաքվում՝ Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման նախագահ Թրամփի պատմական տեսլականը առաջ մղելու համար.
«Ես անհամբեր սպասում եմ քննարկելու ձեր նշած բոլոր երկկողմ հարցերը: Ես նաև անհամբեր սպասում եմ մեր նախագահների օգոստոսին անցկացված պատմական գագաթնաժողովի քննարկմանը՝ առևտրից մինչև էներգետիկ համագործակցություն, տարածաշրջանային կապի ամրապնդումից մինչև անվտանգության ապահովում: Այդ բոլոր հարցերը օգոստոսին ձեռք բերված բանակցությունների և համաձայնությունների մաս են կազմում, և դեռ շատ անելիք կա ինչպես մեր երկրների միջև, այնպես էլ Հայաստանի հետ համատեղ:
Այսօր ես նաև ուրախ եմ հայտարարել այս բանակցությունները շարունակելու համար աշխատանքային խմբի ստեղծման մասին: Պետքարտուղարի տեղակալ Սոնատա Քոուլթերը կգլխավորի այդ աշխատանքային խումբը: Դա կստեղծի Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության հիմքը: Այդ նախաձեռնությունը, Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացի հետ մեկտեղ, կխորացնի մեր երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը, ինչպես նաև կբացահայտի Հարավային Կովկասի ներուժը որպես կենսականորեն կարևոր առևտրային միջանցք»:
News.am
