«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը ԱԺ ամբիոնից ընթերցեց ամուսնու նամակն՝ ուղղված բոլորին։
Նշենք, որ ԱԺ-ում ընթանում է «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած Ազգային ժողովի հայտարարության նախագծի քննարկումը։
Լուսինե Առաքելյանը նախ ասաց. «Ես չէի ուզի այսօր լինել այստեղ, բայց ստիպված եմ։ Երեխաների ծնվելուց հետո ես իմ համար ունեի ավելի կարևոր առաքելություն՝ իրենցով զբաղվելը, բայց հիմա ստիպված այստեղ եմ։ Նարեկը զրկված է իր խոսքի ազատությունն իրացնելու իրավունքից։ Ես ստանձնում եմ իր խոսքը փոխանցել այս բարձր ամբիոնից, քանի որ եթե նա լիներ ազատության մեջ, անպայման կմասնակցեր քաղբանտարկյալների մասին քննարկմանը, հատկապես Լիդյա Մանթաշյանի, որի՝ այսօր անազատության մեջ գտնվելը մեր բոլորի հավաքական ամոթն է»։
Այնուհետև նա ընթերցեց Նարեկ Սամսոնյանի նամակը՝ գրված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից. «Ինչպես տեղյակ եք ես և Վազգենը հերթական անգամ ազատությունից զրկվել ենք խոսքի համար, քանի որ այս դահլիճում պարբերաբար գաստրոլներ տվող ռեժիմի պարագլուխը սարսափում է խոսքից։
Մեր հերթական ազատազրկումը ոչ հայհոյելու մասին էր, ոչ էլ առավել ևս արդեն հայտնի դարձած «հետույք» բառի համար է, որքան էլ որ ինչ-որ մեկը շատ է ցանկանում, որ այդպես լինի։
Մեր գործը տարրական բարոյականության բացակայության և իրավական բեսպրեդելի մասին է, որտեղ մեզ հայհոյողը պատասխան ստանալով հրահանգել է մեզ առանց որևէ իրավական հիմքի կալանավորել «հետույք» բառն օգտագործելու համար։ Ինձ կալանքի ներկայացրած թե քննիչը, թե դատախազը, թե կալանքի տակ ստորագրած դատավորն այս մասին գիտեն բոլորիցս լավ։
Բայց քանի որ վերջիններս ռեպրեսիվ ապարատի են վերածվել, հլու-հնազանդ կատարել են պատվերը, իսկ ապագայում անխուսափելիորեն կկրեն դրա համար նախատեսված քրեաիրավական հետևանքները։
Իսկ մեզ կալանավորելու քաղաքական պատվեր իջեցնողը հին Երևանի սլենգով արդեն վաղուց վաստակել է նմանատիպ պահվածք ունենալուն հարիր դափնիները։
Համենայնդեպս, մեզ դեռ կալանավորումից մի քանի շաբաթ առաջ էին տեղեկացրել, որ խոսքից սարսափող ռեժիմը պլանավորում է մեզ նորից բանտարկել ու այս ամենը մեզ համար գաղտնիք չէ։ Իսկ զրկանքները նորություն չեն։
Ընդհանրապես, Ալիևի դրածո ռեժիմի պայմաններում, Հայաստանում քաղբանտարկյալ լինելն ինչ-որ արտառոց երևույթ չէ, և դա հավաստելու է գալիս այն վիճակագրությունը, որ այսօր մեր երկրում կա վեց տասնյակից ավելի քաղաքական հալածյալ, որի զգալի մեծամասնության բանտարկության պատճառը ռեժիմին ուղղված քաղաքական քննադատությունն է։
Քաղաքագիտական այբուբենը հուշում է ՝ ցանկացած տոտալիտար պարագլխի վերջին հանգրվանը խոսքից սարսափելն ու խոսքը բանտելն է, բայց այդ նույն այբուբենը նաև հուշում է, որ նմանատիպներին իշխանազրկելու ամենաարդյունավետ գործիքը հալածանքների առջև չընկրկելն է և հնարավոր բոլոր գործիքներով պայքարն է քաղաքական այլասերության դեմ։
Հենց այդ պատճառով մենք մինչև ազատազրկումը պարբերաբար առաջնային պլանում ենք պահել ռեժիմի կողմից հալածանքների ենթարկվողների թեման և միշտ կոչ ենք արել համակարգային պայքար սկսել բոլոր քաղբանտարկյալների պաշտպանության և բանտերից ազատ արձակելու համար։
Ի դեմ, նմանատիպ մի առաջարկ էլ արել էր Արմեն Աշոտյանը, երբ դուրս եկավ բանտարկությունից։ Այսօր էլ՝ արդեն բանտից, նույն համոզմանն եմ՝ ռեժիմի կողմից հալածանքներին պետք է պատասխանել դրա դեմ ակտիվ պայքարով։ Պետք է թակել բոլոր դռները, անել այնպես, որ յուրաքանչյուր և առանձին քաղբանտարկյալի և քաղհալածյալի գործը հասու լինի լայն հանրությանը, արևմտյան երկրների դեսպաններին, որոնց գործն է դարձել այս գարշելի ռեժիմի բռնարարքների սանիտարի դերը ստանձնելը։
Այս ողջ գործիքակազմի համակարգված կիրառումը կարող է համակարգային լուծումներ տալ ստեղծված իրավիճակին։ Համենայնդեպս, ես մեր թիմով և համախոհների շարքերով այս կռիվը կիսատ չեմ թողնելու, քանի որ ես իմ և մեր բոլորի երեխաներին Նիկոլով Հայաստան թողնելու ոչ մտադրություն ունեմ, ոչ էլ իրավունք։
Ազատություն ռեժիմի բոլոր գերիներին»։
Լուսինե Առաքելյանը կոչ արեց բոլոր քաղբանտարկյալների հարազատներին խոսել, «քանի որ ռեժիմը լռեցրել է մեր սիրելիներին, բայց մենք չենք կարող թույլ տա, որ իրենք իրենց ուզածին հասնել»։
«Մենք պետք է լինենք մեր սիրելիների խոսափողը, իրենց ձայնը։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին՝ Լիդյա Մանթաշյանի գլխավորությամբ»,- նշեց Նարեկ Սամսոնյանի կինը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ-ականները մուտք են գործել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ խուզարկության համար և ձերբակալել նրանց։ Նրանք ձերբակալվել են Ալեն Սիմոնյանի բողոքի հիման վրա, «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ Ալեն Սիմոնյանի քաղաքական գործունեությանը գնահատականներ տալու համար։Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի համար դատարանը որպես խափանման միջոց է կիրառել երկամսյա կալանքը։
Panorama.am
