Լևոն Արոնյանի հովանու ներքո 2026թ․ հոկտեմբերին Երևանում կկայանա շախմատի միջազգային փառատոն։ Դա առաջին նմանատիպ միջոցառումը կլինի Հայաստանում։
Միջազգային պատվավոր հյուրերի թվում ակնկալվում է աշխարհի հնգակի չեմպիոն Վիշվանաթան Անանդի և աշխարհի ամենաուժեղ կին շախմատիստ Յուդիթ Պոլգարի մասնակցությունը։
«Շախմատը հայերի համար երբեք պարզապես խաղ չի եղել․ այն մեր մտածելու, ստեղծելու և համախմբվելու ձևերից մեկն է։ Շախմատի միջազգային փառատոնը կմարմնավորի այդ ոգին՝ բոլորին հրավիրելով զգալու խաղի ուրախությունն ու երևակայության ուժը»,- նշել է շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը։
Փառատոնը նախաձեռնել է «Մեդիակրատ Ստուդիո» կազմակերպությունը՝ «Մատենա» բիզնես դպրոցի հետ համագործակցությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Փառատոնը Երևանի զբոսայգիներն ու հանրային տարածքները կվերածի աշխույժ հարթակների՝ ներառելով համաժամանակյա ցուցադրական խաղեր, համերգներ, ներկայացումներ և ինտերակտիվ արվեստի ինստալյացիաներ։ Մանրամասն ծրագիրը կհրապարակվի 2026թ․ սկզբնամասում armchessfest.com կայքում:
Factor.am
