Այսօր` նոյեմբերի 28-ին, Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպել են Հայաստան-Թուրքիա սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Հայաստանի Գյումրի քաղաքում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպումը կայացել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։
«Անցկացվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` սեպտեմբերի 12-ին Հայաստան– Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի` Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Հայաստան էր եկել, որտեղ հանդիպում էր ունեցել նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հայ–թուրքական սահմանին՝ «Մարգարա» անցակետի մոտ, նրան դիմավորել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Հատուկ ներկայացուցիչների նախորդ հանդիպումը կայացել էր ապրիլի 11-13-ը Անթալիայում անցկացվող դիվանագիտական համաժողովի ընթացքում։ ՀՀ–ից հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Հավելենք, որ նախորդ հանդիպումների ընթացքում Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել էին վերսկսել բեռնատար անցումը, նախապատրաստել ենթակառուցվածքները սահմանի բացման համար: Նրանք նաև համաձայնության են եկել դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար վիզային ընթացակարգերի պարզեցման և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը հատելու թույլտվության վերաբերյալ, սակայն այդ որոշումները դեռևս մնում են թղթի վրա:
Sputnik Արմենիա
