Логотип

«ՎԵՈԼԻԱ «ԱՆՋՈՒՐ». ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌ «ՏԵՂՅԱ՞Կ ՉԵՆ» ՋՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

Ընդամենը մեկ շաբաթ է անցել այն օրից, երբ «Վեոլիա ջուր» ընկերությունը հայտարարեց, որ մայիսից սահմանվելու է Հայաստանի ջրամատակարարման նոր գրաֆիկ, ըստ որի հանրապետության գրեթե ողջ տարածքում ջրամատակարարումը կլինի 17 ժամ: Լուրը քննադատության տարափ հարուցեց, բայց բառացիորեն մի քանի ժամ անց իշխանությունները շտապեցին ուրախացնել քաղաքացիներին, թե իբր՝ քննարկումներ ենք անցկացրել, խոսել «Վեոլիա»-ի հետ և ամեն ինչ հարթել. գրաֆիկի փոփոխություն չի լինի։

ԱՅՍՔԱՆՈՎ ԿԱՐԾԵՍ ԹԵ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՎԱՐՏՎԵՑ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՀԱՆԳՍՏԱՑԱՆ, և սենսացիոն լուրը արագ հետ մղվեց մեկ ուրիշով: Քչերին մտածելու տեղիք տվեց այն հայտարարության անհեթեթությունը, թե ընկերությունը չի համաձայնեցրել իր ծրագրերը կառավարության հետ, և որ որոշման անհապաղ չեղարկումը ոչ այլ ինչ էր, քան նախընտրական պարզունակ հնարք:

Քանզի ինչ-որ շատ կասկածելի են թվում «Վեոլիա ջրի» ծրագրերը 2024 թվականի նոյեմբերից ի հայտ եկող արտահոսքերի և հաղորդագրությունների համատեքստում՝ այն խնդրի վերաբերյալ, որի մասին մասնագետները վաղուց են զգուշացրել. քաղցրահամ ջրի դեֆիցիտի հետ կապված լուրջ խնդիրներ ունեցող Բաքուն ագահորեն աչք է տնկել Հայաստանի ջրային ռեսուրսների վրա։ Ավելին, գործնականում կասկած չկա, որ միջազգային կառույցների մասնակցությամբ վաղուց աշխատանքներ են տարվում մեր երկրի ջրային պաշարների վերաբաշխման ուղղությամբ՝ հանուն Ադրբեջանի կարիքների բավարարման։

Հիշենք. 2024 թվականի նոյեմբերի 10-ին Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ի աջակցությամբ աշխատում են ջրային ռեսուրսների կառավարման համակողմանի սխեմայի վրա։ «Ադրբեջանի և Հայաստանի մի խումբ հիդրոլոգներ և ինժեներներ ԱՄՆ-ի աջակցությամբ համատեղ աշխատում են տարածաշրջանի անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման սխեմայի վրա»,- ասված էր դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ:

Այն ժամանակ ՀՀ ԱԳՆ-ը և Շրջակա միջավայրի նախարարությունը հապճեպ հերքեցին ասվածը, հայտարարելով, թե անդրսահմանային համագործակցության ուղղությամբ որևէ աշխատանք չի տարվում։ Ճիշտ է, Շրջակա միջավայրի նախարարությունը հիշատակեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացում» ծրագիրը, սակայն հավաստիացրեց, թե այնտեղ նման բանի մասին խոսք չկա։

Իսկ ԱԳՆ-ը մի կատարյալ անհեթեթությունն հրամցրեց։ Այնտեղից հայտարարեցին, թե անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում Ադրբեջանի հետ պաշտոնական համագործակցություն չկա, բայց (ուշադրությո՛ւն), իրենց ունեցած տեղեկություններով՝ այդ հարցով շփումներ են եղել երկու պետությունների հասարակական կազմակերպությունների միջև։ Այսինքն Հայաստանի հասարակական կազմակերպությունները ադրբեջանական «հասարակական գործիչների» հետ քննարկել են անդրսահմանային համագործակցության հարցը ջրային (ռազմավարակա՛ն) ռեսուրսների ոլորտում, որոնք, ըստ էության, պետք է լինեն բացառապես պետական կառույցների իրավասության ներքո։

ԸՆԴ ՈՐՈՒՄ ԱՅՆ ՀԱՐՑԸ, ԹԵ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԵՍՊԱՆԻ ԻՆՉԻ՞Ն ԷՐ ՊԵՏՔ «ՍՏԵԼ» այդչափ կարևոր ու զգայուն հարցի վերաբերյալ, այդպես էլ մնաց օդում կախված։ Այստեղ հնարավոր է երկու տարբերակ. կա՛մ փաշինյանական կառավարությունում տեղյակ չեն եղել, որ Ադրբեջանի և Հայաստանի մասնագետների խումբը ԱՄՆ-ի հովանավորությամբ աշխատում է «տարածաշրջանի անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման սխեմայի վրա», կա՛մ էլ, ինչը շատ ավելի հավանական է, կառավարությունն ինքն էր պարզապես գիտակցաբար ստում լրատվամիջոցներին։

Այնուհետ, 2025 թվականի հունվարին, խոսելով Բաքվում տեղի ունեցած ՄԱԿ-ի СОР29 համաժողովի մասին, շրջակա միջավայրի այն ժամանակվա նախարար Հակոբ Սիմիդյանը խոստովանեց, որ Ադրբեջանի իշխանությունները ջրային ռեսուրսների մասով դժգոհություններ (իմա ՝ պահանջներ) են ներկայացնում Հայաստանին։ Բայց ջերմեռանդորեն հավաստիացրեց, թե մենք, իբր, նրանց պատասխան կտանք միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։

Թե ինչպես է նիկոլական կառավարությունը «պատասխան տալիս» Ադրբեջանին՝ դժվար թե արժե բացատրել։

Մինչդեռ արդեն այս տարվա փետրվարի 4-ին, «Վեոլիա ջրի» սկանդալային հայտարարությունից 3 շաբաթ առաջ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը: «Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ, տրանսպորտային և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Կարծես թե արտառոց ոչինչ չկա, բայց վերջում «համեստորեն» հաղորդվում էր. «Անդրադարձ է կատարվել նաև «խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը»։ Որի մասին, հավելենք մեր կողմից, արդեն բոլորը մոռացել են, քանզի այն մթագնվեց «խաղաղարար» Թրամփի հայտնի երթուղիով՝ TRIPP-ով։

Ի դեպ, դրանից երկու օր առաջ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ նույնպիսի հանդիպում էր կայացել Հայաստանի Ջրային կոմիտեում։ «Հանդիպումը վերաբերել էր «Հայաստանի ջրամատակարարման և ոռոգման բարելավման ծրագրին», որը համաֆինանսավորվելու է Համաշխարհային բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից:

ՈՒՍՏԻ ԿՐԿԻՆ ՀԱՐՑ. ԵԹԵ ԽՈՍՔԸ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ Է, ապա ի՞նչ կապ ունի այդտեղ «խաղաղության խաչմերուկը»: Եվ եթե համադրենք ԱՄՆ դեսպանի մեկուկես տարվա վաղեմության հայտարարությունը, Հայաստանի գործող իշխանությունների կողմից եռանդագին իրականացվող ծրագրերը ԱՄՆ USAID-ի և ՀԲ-ի հետ, ինչպես նաև Ալիևի բազմիցս արած հայտարարությունները Սևանի հետ կապված ծրագրերի մասին, ապա…

Ապա ամենատրամաբանական եզրահանգումը կլինի հետևյալը. քաղաքական կուլիսներում ինտենսիվ աշխատանք է ընթանում, ուղղված Հայաստանի տարածքով հոսող գետերից մեր երկրի կարիքների համար ջրառի սահմանափակմանը՝ դեպի Ադրբեջան հոսքի ավելացման նպատակով։ Թե կապված են արդյոք Հայաստանում ջրամատակարարումը կրճատելու «Վեոլիա ջրի» մտադրությունները հենց այդ ծրագրերի հետ, լոկ կռահել կարելի է։

Բայց մի հարցում կասկած չկա. բոլոր այդ ծրագրերն անխուսափելիորեն իրականություն կդառնան ընտրություններից անմիջապես հետո, եթե, Աստված մի՛ արասցե, ՔՊ-ն վերարտադրվի որպես իշխող կուսակցություն։ Եվ կառավարության ոչ մի «շտապ միջամտություն» այլևս չի լինի։

Ինչո՞ւ պիտի լինի, եթե Հայաստանի իշխանությունների առաջնահերթ խնդիրն է դառնալու Բաքվի բոլոր այն պահանջների հաջորդական բավարարումը, որոնք առայժմ արգելակված են կամ չեն գովազդվում, որպեսզի չխանգարեն Փաշինյանին վերընտրվել։

Եվ Ադրբեջանի համար այդքան հրատապ ջրային հարցը, անկասկած, առանցքայիններից մեկը կլինի այդ շարքում։