Չորեքշաբթի օրը «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանը հրատապ ասուլիս հրավիրեց, որի ընթացքում ներկայացրեց Հայաստանի տարածքի նոր հատվածներում ադրբեջանական ուժերի առաջխաղացման և ամրացման ցնցող փաստեր: Նրա խոսքերով՝ խոշոր տրամաչափի սպառազինության համար կառուցված հատուկ թաքստոցներն ու նոր կրակակետերը թույլ են տալիս ադրբեջանցիներին վերահսկողության տակ պահել հայկական սահմանամերձ գյուղերը և լուրջ վտանգ ներկայացնում մեր զինծառայողների համար:
ԱՍՎԱԾ ԱՄԵՆԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԵՑ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ՝ համապատասխան տեղամասերի և կոնկրետ բնակավայրերի ու դիրքերի նշումով, այսինքն խոսքը օբյեկտիվ տվյալների մասին է, որոնք բացառում են որևէ կեղծիքի հնարավորությունը։
Ավելորդ է նշել, թե ինչ վտանգ և սպառնալիք են պարունակում քաղաքական գործչի ներկայացրած փաստերը Հայաստանի անվտանգության համատեքստում, այն էլ բառացիորեն կողքներիս եռացող մերձավորարևելյան կաթսայի ներկայիս իրավիճակում։ Բայց ի՜նչ սկսվեց իշխանական ճամբարում… Թաթոյանին մեղադրեցին ստախոսության, մանիպուլյացիաների, նախընտրական գովազդի նպատակով խաբեության և այլ մեղքերի մեջ, ՔՊ-ական պատգամավորներն ու պատգամավորուհիները արհամարհանքով ծռում էին բերանները, թե իբր՝ ախր նա ո՞վ է և ի՞նչ է արել երկրի համար։ Մեզանում արդեն խաղաղություն է, և վե՛րջ:
Եվ այս ամենը՝ բացառապես մերկախոս, իսկ նիկոլական ուսապարկերի ագրեսիվությունը, տգիտությունն ու լկտիությունն այն աստիճան էին անցնում ամեն չափ ու սահման, որ ակամայից միտդ էր գալիս հայտնի ասացվածքը դողը սրտում գողի մասին։
Երկրորդ փաստը։ Մարտի 3-ին 24news պարբերականը հաղորդագրություն հրապարակեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում տեղի ունեցած գիտխորհրդի նիստի մասին, որի ընթացքում, ըստ աղբյուրի, գիտնականներին անսպասելիորեն առաջարկվել է քննարկել օրակարգում չընդգրկված մի հարց: Այն ներկայացրել է տնօրենի պաշտոնակատար Համո Սուքիասյանը, որը նշանակվել է այն բանից հետո, երբ ինստիտուտի երկարամյա տնօրեն Աշոտ Մելքոնյանը, որը հայտնի է Արցախի վերաբերյալ իշխանությունների դիրքորոշման և պատմության նենգափոխման քննադատությամբ, հեռացել է պաշտոնից, ասվում է հրապարակման մեջ։ Սուքիասյանը գիտնականների քննարկմանն է ներկայացրել «Կադաստրի կոմիտեի կողմից պարտադրված» նախագիծ և նշել այն մարդկանց «վերևից ասված» կոնկրետ անունները, ովքեր պետք է կազմեն Հայաստանի բնակավայրերի թվային քարտեզը: Այստեղ ամենաուշագրավն այն է, որ այդ քարտեզի վրա, ըստ Սուքիասյանի, պետք է նշվեն հին անունները, ինչպես նաև, թե ով է այնտեղ ապրել նախկինում։
«Նիստին ներկա բազմափորձ պատմաբանների մի մասը միանգամից գլխի է ընկել, թե խոսքն ինչի մասին է, նրանք այս նախագծի հետևում տեսել են այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան» ծրագրի ականջները։ Պատմաբանների կոպիտ արձագանքից հետո Համո Սուքիասյանը փորձել է շահագրգռել նրանց խոստումներով, թե իբր բացի նշված անուններից՝ ուրիշ պատմաբանների համար էլ «փող կբերի» Կադաստրի կոմիտեից, բայց նախագիծն այդպես էլ չի հաստատվել գիտխորհրդի կողմից»,- գրում է կայքը։
Այս տեղեկատվության որևէ հերքում պրոֆիլային գերատեսչությունների, մասնավորապես կադաստրի կամ ակադեմիայի ղեկավարության կողմից, որքանով մեզ հայտնի է, չի եղել։ Փոխարենը սոցցանցերում հայտնվել են տեղեկատվությունը հաստատող գրառումներ։ Ըստ էության, ոչ մի հիմք չկա չհավատալու նման նախագծի գոյությանը, քանզի կասկածից վեր է, որ այն ի վերջո այս թե այլ կերպ կհաստատվի, բայց ընտրություններից հետո: Իհարկե, ՔՊ-ի հաղթանակի դեպքում։ Եվ դրանից արդեն գաղտնիք չեն սարքի։
ԵՐՐՈՐԴ ՓԱՍՏԸ։ ԱՀԱ ԱՐԴԵՆ ՄՈՏ ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹ Է, ինչ կրթության ոլորտի մասնագետներն ու լրատվամիջոցներն ահազանգում են փոքր գյուղերում 229 դպրոցներ փակելու իշխանությունների մտադրության մասին, որոնցից 55-ը՝ սահմանամերձ շրջաններում: Այս մասին հայտարարություն է տարածել Կրթության ազգային խորհուրդը։
Խորհրդի անդամ Ատոմ Մխիթարյանը «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց, որ կազմվել է այն դպրոցների ցանկը, որտեղ սովորում է 100-ից պակաս աշակերտ: Նրա խոսքերով, մասնագետները մի քանի ամիս ուսումնասիրել են խնդիրը, կատարել համապատասխան հարցումներ և ստացված արդյունքներից պարզ է դարձել, որ դպրոցներն իսկապես փակվում են:
Ու թեև կառավարությունն ամեն կերպ հերքում ու ժխտում է տեղեկությունը, փորձագետները գրեթե համոզված են այդ ծրագրի առկայության մեջ։ Ընդ որում՝ շեշտելով դպրոցների փակման վտանգը սահմանամերձ գյուղերում, որոնք պարզապես կամայանան՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Օրերս «ԳԱ»-ն գրել էր այն մասին, որ ԱՄՆ հովանավորությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանի տարածքով հոսող սահմանամերձ գետերի հաշվին Ադրբեջանի ջրային խնդիրների բավարարմանն ուղղված նախագծի վրա։ Այլ կերպ ասած՝ մեր երկրի բնակչության կարիքների հաշվին։ Այդ մասին, մասնավորապես, դեռևս 2024 թվականի նոյեմբերին բաց տեքստով հայտարարել էր ԱՄՆ դեսպանն Ադրբեջանում։ ՀՀ ԱԳՆ-ը հերքեց դա, բայց ընդ որում հայտարարեց «հասարակական կազմակերպությունների» կողմից նման նախագծի քննարկման հնարավորության մասին։
Հիմա հարց. է՞լ ինչ հակահայկական, ազգային արդի շահերին հակասող նախագծեր, քննարկումներ, ծրագրեր ու մտադրություններ են իշխանությունները թաքցնում հանրությունից: Է՞լ ինչ են երդմնալից խոստացել Ալիևին ու Էրդողանին, ի՞նչ զիջումներ են նախատեսված, այդ թվում՝ տարածքային, որոնք այսօր խնամքով թաքցվում են իշխանությունների կողմից, բայց, միևնույն է, աչքի զարնում։ Չէ որ Բաքուն ու Անկարան բնավ ոչ անշահախնդրորեն են ձևանում «խաղաղասեր», զերծ մնում սահմանին կրակելուց, արգելակում հակահայկական հայտարարությունները և նույնիսկ գրեթե լռում «արևմտյան Ադրբեջանի», ինչպես նաև շատ այլ բաների մասին։
Բոլորովին չէինք ցանկանա խուճապ հարուցել առանց այդ էլ ամենօրյա ստրեսներով լի մեր իրականության մեջ, և շատ կցանկանայինք սխալվել։ Բայց վախենանք, որ գործող իշխանության վերարտադրության դեպքում իրականությունն ընտրություններից հետո է՛լ ավելի սարսափելի է լինելու, քան կարող ենք պատկերացնել։
Այսօրվա այն գաղտնին, որն ակներև կդառնա հունիսի 7-ից հետո…
