Խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման ընթացքում Ռուսաստանի «հիբրիդային գրոհներին» դիմակայելու գործում օգնություն ցուցաբերելու համար ԵՄ-ից Հայաստան ժամանող խմբի վերաբերյալ որոշումն արդեն ընդունված է: Իսկ ի՞նչ եղավ խոստացված 12 մլն եվրոն։ Ի սկզբանե շատերը չհավատացին այն լուրերին, թե ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով ներկայացուցիչ Կայա Կալլասից պատճառաբանություն է լսել Ուկրաինային օգնություն ցուցաբերելու պատճառով ԵՄ բյուջեի դեֆիցիտի մասին։ Այլ կերպ ասած, ԵՄ-ն չի հրաժարվում օգնություն հատկացնել ՀՀ-ին, բայց, ներող կլինեք, դեֆիցիտ է։ Իշխանություններն առայժմ չեն հերքել այդ լուրերը, իսկ ի՞նչ է կատարվում իրականում։
12 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈՆ ԲՆԱՎ ԱՅՆ ԳՈՒՄԱՐԸ ՉԷ, ՈՐ ԿԱՐՈՂ ԷՐ ԱԶԴԵԼ ԵՄ ԲՅՈՒՋԵԻ ՎԻՃԱԿԻ ՎՐԱ, չէ որ դա, համաձայնեք, Ուրյուպինսկի քաղաքային բյուջեն չէ։ Հետաձգումը կարող է այլ պատճառ ունենալ։ Օրինակ, Բրյուսելում դադարել են ձևացնել, թե հավատում են ՀՀ-ի դեմ ՌԴ-ի սանձազերծված «հիբրիդային պատերազմին»։ Ստացվում է, որ ռեժիմի քարոզչամեքենայի ջանքերն ապարդյուն էին. ափսոս, ախր ջանք ու եռանդ չէր խնայում քարոզչամեքենան։
…Վարկածներից մեկի համաձայն՝ ԵՄ-ում չեն հավատացել, որ ՀՀ-ն ֆինանսական աջակցության կարիք ունի. համարել են, որ օգնության խումբ ուղարկելը բավական կլինի։ Խոսքը, կրկնեմ, այնպիսի գումարի մասին է, որը ԵՄ բյուջեի համար առանձնակի խնդիր չի ներկայացնում, ուստի հետաձգումն արդիականացնում է հետևյալ հարցը. գուցե ԵՄ-ում այլևս չե՞ն հավատում ոչ միայն ՀՀ-ի դեմ Կրեմլի «հիբրիդային պատերազմին», այլև հունիսի 7-ի ընտրություններում ՔՊ-ի և Փաշինյանի հաղթանակին։ Քանզի, եթե ԵՄ վերլուծական և հետախուզական ազդեցիկ կառույցների կանխատեսումները հանգում են իշխող վերնաշերտի պարագլխի և նրա կուսակցության պարտությանը, ապա ինչո՞ւ պիտի միլիոններ ներդնեն պարտության մեջ։
Մեկ այլ վարկածի համաձայն՝ ԵՄ-ում վերանայել են ֆինանսական օգնության հատկացման ծրագիրը, կապված կառավարության և պատգամավորական կորպուսի անդամների բազմամիլիոնանոց պարգևավճարների հետ։ ԵՄ-ում հայտնի է դարձել հայ հասարակության բացասական վերաբերմունքը պետական գանձարանի օրինականացված թալանի նկատմամբ։ Հնարավոր է, որ միլիոնանոց հավելավճարների երկփուլ հատկացումը Բրյուսելում գնահատել են որպես պաշտոնյաների կաշառում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, ուստի որոշել են հետաձգել գումարի տրամադրումը՝ արդարացիորեն ենթադրելով, որ ռեժիմի պարագլուխն ու իր շրջապատը կծախսեն դա սեփական կարիքների, այլ ոչ թե Ռուսաստանի «հիբրիդային սպառնալիքին» դիմակայելու վրա։ Եվրոպացի պաշտոնյաները հասկանում են, որ Մոսկվայի «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի ցուցանակի տակ ռեժիմը փորձում է ձեռքը մտցնել ԵՄ բյուջե։ Չստացվեց: Առայժմ չստացվեց…
Վարկած կա նաև, որ ԵՄ-ում Փաշինյանից պահանջել են հակառուսական բնույթի կոնկրետ քայլեր և հայտարարություններ, սակայն Փաշինյանը չկարողացավ նման ճոխություն թույլ տալ իրեն՝ վախենալով զրկվել ընտրական ձայներից։ Մյուս վարկածների մասին լռենք, քանզի հետաձգման փաստը բավական պերճախոս կերպով վկայում է այն մասին, որ հունիսի 7-ի ընտրություններում Փաշինյանը աշխարհաքաղաքական նեցուկ չունի։ Այլ կերպ ասած, իշխող վերնաշերտի պարագլուխը աշխարհաքաղաքական բոմժի վերածման փուլում է, թեև խոստացել էր բոմժ դարձնել ուրիշներին։ Նրան չեն տալիս նույնիսկ խոստացած փշրանքները աղայի սեղանից, չնայած մինչև հունիսի 7-ը մնացել է ընդամենը մեկուկես ամիս։
Վերջին հույսը կապված է մայիսի առաջին օրերին Երևանում մեկնարկող եվրոպական քաղաքական համայնքի համաժողովի հետ։ Միգուցե եվրոպացի պաշտոնյաներն իրենց հետ բերե՞ն 12 միլիոնն ու հանդիսավոր պայմաններում հանձնեն չեկը Փաշինյանին։
