Հայաստանում գործող իշխանության համար «ընտրական ինքնասպանություն» կարող է դառնալ մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները անկլավների հարցը լուծելու փորձը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-ին իր տելեգրամյան ալիքում հայտարարել է, որ Ադրբեջանի հետ «սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ անկլավների հարցը չի կարող հանվել օրակարգից, քանի դեռ որոշված չէ Արծվաշենի ճակատագիրը:
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի կարծիքով՝ նման հարցերը, այդ թվում՝ «տարածքների փոխանակման» հետ կապված, մեր երկրում լուծվելու են խորհրդարանական ընտրություններից հետո։
«Եթե ՀՀ գործող վարչապետը սկսում է խոսել Արծվաշենի մասին, դա նշանակում է առնվազն մեկ իրողություն, որ սահմանից այն կողմ, օրինակ՝ Բաքվից, ազդանշան է ստացվել, որ պետք է աստիճանաբար սեփական հասարակությանը, հայ հանրությանը նախապատրաստել այդ գործընթացներին»,- ընդգծեց Ղևոնդյանը։
Նա նաև հավելեց՝ այս թեմայի շուրջ խոսելիս պետք է հիշել՝ «անկլավները» տարբերվում են չափերով, աշխարհագրական դիրքով և, համապատասխանաբար, ռազմավարական նշանակությամբ։ Ընդ որում, կան ավելի կարևոր «անկլավներ», քան Արծվաշենն է, որն անընդհատ հիշատակում են իշխանությունները։ Այս համատեքստում Ղևոնդյանը շատ ավելի կարևոր է համարում Տիգրանաշեն գյուղը, որի՝ Բաքվի վերահսկողության տակ հայտնվելու վտանգ կա։ Ըստ քաղաքագետի՝ այն, որ Տիգրանաշենը կարող է հանձնվել Ադրբեջանին, վկայում է նաև այն հանգամանքը, որ շուրջ 6 տարի է, ինչ գյուղը դուրս է մնացել ճանապարհների վերանորոգման պետական ծրագրերից:
«Տիգրանաշենի կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական անվտանգության տեսանկյունից էականորեն տարբերվում է Արծվաշենից։ Հայաստանի հյուսիսի և հարավի ավտոմայրուղային ճանապարհը ինչպես ներքին, այնպես էլ «Հյուսիս-հարավ» հաղորդակցային ուղու տեսանկյունից անցնում է հենց այդ հատվածով։ Տրամադրելով և փոխանցելով դա Ադրբեջանին՝ Հայաստանն առաջին հերթին այդտեղ կտրվում է»,- նշեց քաղաքագետը։
Նա առավել պարզ ու մատչելի է բացատրում՝ ինչ է նշանակում` «անկլավը տրվելու է Ադրբեջանին»։ Դա նշանակում է, որ այդ տարածքում տեղակայվելու են Ադրբեջանի զինված ուժեր, անվտանգության ծառայությունը և այլն։ Հայաստանի մյուս մարզերից դեպի Վայոց Ձոր և Սյունիք տանող ճանապարհն անցնում է Տիգրանաշենով, որտեղ հանձնման դեպքում գործելու է ադրբեջանական օրենսդրությունը։
«Նրանք կկարողանան կամայական կամ, իրենց պատկերացմամբ, օրինական սկզբունքով կանգնեցնել հայկական մեքենաները, մաքսատուրքեր պահանջել։ Սա վերաբերում է նաև Իրանից Հայաստան եկող մեքենաներին։ Իսկ արդյոք Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն կունենա այդ ճանապարհով ռազմական տեխնիկա տեղափոխել հարավ, եթե նման անհրաժեշտություն առաջանա»,- ասաց Ղևոնդյանը։
Շեշտեց՝ բոլոր այս թեմաները ոչ թե պարզապես Հայաստանի կամ տարածաշրջանային անվտանգության, այլ միացյալ և ինքնավար պետության գոյության տեսանկյունից լուրջ սպառնալիքներ են ստեղծում։
Քաղաքագետն ընդգծեց՝ առանց միջնորդների բանակցություններն անհավասար մրցակիցների միջև բերում են նրան, որ ուժեղ կողմը միշտ հաղթող է լինում։ Նրա դիտարկմամբ՝ նույնն է տեղի ունենում Երևան-Բաքու ուղիղ շփումների ժամանակ։ Թե՛ սահմանազատումը, թե՛ սահմանագծումը, թե «անկլավների» հետ կապված գործընթացներն ընդհանուր առմամբ ընթանալու են հօգուտ Ադրբեջանի։
Ղևոնդյանի գնահատմամբ՝ այն, որ իրավիճակը Հայաստանի օգտին չէ, գիտակցում են ինչպես վարչապետ Փաշինյանը, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարությունը, որն ամեն կերպ իր շահերն առաջ է տանում բանակցային օրակարգի հիմքում դրված լոբբիստական շրջանակների և Բաքվին ձեռնտու քարտեզների միջոցով:
«Ակնհայտ է, որ Տիգրանաշենի և ևս երկու, եթե չեմ սխալվում, փոքր անկլավների հետ կապված տարածքների փոխանակման գործընթացները տեղի են ունենալու 2026 թվականի ընտրություններից հետո։ Գուցե այն ժամանակ, երբ գործող կամ ապագա իշխանությունները գոնե այլընտրանքային նոր ճանապարհ կառուցեն»,- ասաց քաղաքագետը։
Նրա կարծիքով` Տիգրանաշենը Ադրբեջանի վերահսկողության տակ հանձնելու դեպքում այդ բնակավայրի բնակիչները ստիպված կլինեն տեղափոխվել մոտակա Պարույր Սևակ գյուղ, որը գտնվում է ընդամենը 3,5 կմ հեռավորության վրա, որտեղ Տիգրանաշենից տեղահանվածներին կտրամադրվեն նոր տներ։
Պարույր Սևակ գյուղի բնակիչներն էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ գյուղում մի քանի տասնյակ նոր տների շինարարությունն իրականացվում է սահմանամերձ բնակավայրերում բնակարանաշինության ծրագրի շրջանակներում։ Դրանց մեծ մասը պատկանում է ծրագրին մասնակցելու համար այստեղ հող գնած այլ համայնքների բնակիչներին։
Ծրագրին չեն հասցրել մասնակցել անգամ Պարույր Սևակի գյուղացիները, որոնք երկար տարիներ ապրում են խարխուլ տնակներում։
Ինչ վերաբերում է Տիգրանաշենին, որը տարածքային կառավարման համատեքստում համարվում է Պարույր Սևակ գյուղի մի մասը, ապա գյուղացիներից միայն մեկն է մասնակցել ծրագրին (երկրորդը հող է գնել, բայց չի հասցրել տուն կառուցել բանկային ուշացման պատճառով): Այս տունը կառուցվել է Պարույր Սևակ գյուղում, քանի որ բնակարանային ծրագիրը չի տարածվել անմիջապես Տիգրանաշենի տարածքում։
ՀՀ կադաստրի կոմիտեի քարտեզով Տիգրանաշենը ներառված չէ ՀՀ տարածքում և նրա բնակիչները ո՛չ նախկինում, ո՛չ հիմա չեն կարողացել ստանալ սեփականության փաստաթղթերը:
