Логотип

ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐԵՐ ՎԱՆԱ ԼՃԻ ՀԱՏԱԿԻՆ. ՔՈՐԹՈՇՅԱՆԸ` ԴՐԱՆՑ ԱՐԺԵՔԻ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ

Վանա լճի ջրի մակարդակի շարունակական նվազումը կրկին ի հայտ է բերել Արևմտյան Հայաստանի հայկական մշակութային ժառանգության նոր շերտեր, սակայն հայկական կողմը դրանց պահպանման համար ոչինչ անել չի կարող։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը։

Խաչքարերի պահպանության հարցում, ըստ Քորթոշյանի, միջազգային կառույցների միջամտության իրական հնարավորություն գրեթե չկա, և ամեն ինչ կախված է Թուրքիայի ներսում տիրող քաղաքական ու վարչական իրավիճակից։

«Այս վերջին շրջանում մենք տեսնում ենք` նաև Թուրքիայում փոփոխություններ կան, և թուրքական իշխանություններն առաջվանը չեն (70–80-ականների)։ Որոշ հատվածներում իրականացվում են պահպանական աշխատանքներ։ Սակայն հուշարձանների քանակն այնքան մեծ է, որ հնարավոր չէ բոլորն ապահովել պահպանությամբ։ Որևէ միջազգային մարմին չի կարող արդյունավետ ճնշում գործադրել, եթե թուրքական իշխանությունները որոշեն, որ տվյալ հուշարձանները չպետք է պահպանվեն»,– ասաց նա։

Քորթոշյանի համոզմամբ՝ Վանա լճի հատակին դեռ բազմաթիվ խաչքարեր և հուշարձաններ կան։ Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին ջրի նահանջի հետ մեկտեղ անընդհատ նոր հուշարձաններ են բացահայտվում՝ վանքեր, գերեզմանոցներ, նույնիսկ ուրարտական ժամանակաշրջանի կառույցներ։ Սակայն դրանց ապագան, նրա խոսքով, խիստ անորոշ է։

«Դրանց ճակատագիրը կապված է Թուրքիայում տիրող իրավիճակի հետ, ինչպես նաև կա գանձագողության լուրջ վտանգը։ Գանձագողները համզված են, որ խաչքարերում էլ ոսկի կա, ինչի հետևանքով հուշարձանները հաճախ ավերվում են գանձախույզների ձեռքով։ Այդ գանձախույզները միայն սովորական մարդիկ չեն, կարող են լինել նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչներ կամ պետական մարմինների հետ կապ ունեցող անձինք»,– ընդգծում է Րաֆֆի Քորթոշյանը։

Քորթոշյանի գնահատմամբ՝ հայտնաբերված խաչքարերի կարևորությունը նախևառաջ այն է, որ Վանա լիճը դարեր շարունակ փաստացի պահպանել է դրանք։ Նրա խոսքով՝ Արևմտյան Հայաստանում խաչքարերի ճնշող մեծամասնությունը կա՛մ արդեն ավերված է, կա՛մ շարունակում է ոչնչացվել, մինչդեռ լճի ջրերի տակ մնացած հուշարձանները խուսափել են այդ ճակատագրից։

«Եզակի է նաև այն հանգամանքը, որ խաչքարերը պահպանվել են իրենց նախնական տեղում՝ ընդգրկելով վաղ, միջին և ուշ միջնադարյան ժամանակաշրջանները։ Թեպետ ջուրը որոշ չափով քայքայել է քարերը, այնուամենայնիվ դրանց գեղարվեստական առանձնահատկությունները շարունակում են տեսանելի մնալ։ Ջուրը որոշ չափով քայքայել է, ինչ–որ մի գոյացություն է առաջացել, բայց հիմնականում արվեստի տեսանկյունից հնարավոր է տեսնել էդ ամեն ինչը»,– ասաց Քորթոշյանը։

Վանա լճի տակ նոր բացահայտված խաչքարերը գտնվում են Խլաթ գավառում՝ Աղավանդ (հայկական անվանումով) գյուղի տարածքում։ Ինչպես պատմեց մասնագետը, այս գյուղը միջնադարում եղել է կրթական կենտրոն, սակայն 19-րդ դարում, երբ Վանա լճի ջրի մակարդակը բարձրացել է, ամբողջությամբ ջրի տակ է անցել։

«Գյուղի եկեղեցին վաղ միջնադարյան կառույց է եղել, և ջրի բարձրացումից հետո այն կղզու վրա է մնացել։ Արդեն 1960-ական թվականներին այդ կղզու վրա մնացած եկեղեցու քարերն ու խաչքարերը տեղաբնակ քրդերը տեղափոխել են և օգտագործել իրենց տները կառուցելու համար»,– հավելեց մասնագետը։

Քորթոշյանը հիշեցրեց, որ սեպտեմբերին իր այցի ժամանակ ջրի մակարդակն արդեն իջել էր, և երևացել էին եկեղեցու հիմքերը, ինչպես նաև խաչքարերի մի հատվածը։ Սակայն հոկտեմբերին, երբ ջուրը ավելի է նահանջել, ափամերձ հատվածում բացվել է նաև մեծ միջնադարյան գերեզմանոց, որտեց 2–3 տասնյակ խաչքարեր էին՝ հիմնականում միջնադարյան, կան նաև վաղ միջնադարյան նմուշներ»,– նշեց Րաֆֆի Քորթոշյանը։

Անդրադառնալով սեպտեմբերյան այցին՝ Քորթոշյանը նշեց, որ այն չի եղել լիարժեք գիտական հետազոտություն։

«Ուսումնասիրություն ասելով՝ նայել ենք, տեսել ենք մասնագետի աչքով, բայց ավելի շատ զբոսաշրջիկի ձևաչափով։ Լուրջ ուսումնասիրություններ իրականացնելու համար անհրաժեշտ է մասնագիտական տեխնիկա և բնագիտական խումբ, քանի որ հուշարձանների մի մասը դեռ ջրի տակ է։

Քորթոշյանը հիշեցրեց` պետք է աշխատել ջրի տակ չափումներ անելու, ուսումնասիրելու համապատասխան տեխնիկայով, որի հնարավորությունն այս պահին չկա։ Դրանից բացի, այս ամենը թուրքական իշխանության որոշելիքն է։

Sputnik Արմենիա