Սպիտակ տունը հայտնում է, որ Գազայի կառավարման ազգային կոմիտե (NCAG) է ստեղծվել, և ներկայացրել է Խաղաղության միջազգային խորհրդի կազմը: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
NCAG-ը կգլխավորի Ալի Շաասը, որը նախկինում բարձր պաշտոններ է զբաղեցրել Պաղեստինի ազգային վարչակազմում: Նա կվերահսկի հիմնական հանրային ծառայությունների վերականգնումը, քաղաքացիական ինստիտուտների վերածնունդը և Գազայում առօրյա կյանքի կայունացումը:
«Խաղաղության խորհրդի հայեցակարգի իրականացման համար նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ ձևավորվել է գործադիր խորհուրդ, որում ընդգրկվել են դիվանագիտության, զարգացման, ենթակառուցվածքների և տնտեսական ռազմավարության ոլորտում աշխատանքի փորձ ունեցող առաջնորդներ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Խորհրդի կազմում ներառվել են`
– ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն,
– ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը,
– Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները,
– Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը,
– ամերիկացի միլիարդատեր Մարկ Ռոուենը (Թրամփի քարոզարշավի դոնորներից մեկը),
– Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան,
– ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ Ռոբերտ Գաբրիելը։
Գործադիր խորհրդի յուրաքանչյուր անդամ վերահսկելու է որոշակի ուղղություն Գազայի կայունացման և երկարաժամկետ հաջողության համար, այդ թվում՝ «կառավարչական կարողությունների ամրապնդում, տարածաշրջանային հարաբերություններ, ներդրումների վերականգնում, ներգրավում, լայնածավալ ֆինանսավորում և կապիտալի մոբիլիզացում»:
Խաղաղության խորհրդի ավագ խորհրդական են նշանակվել ԱՄՆ գնումների դաշնային ծառայության հանձնակատար Ջոշ Գրյունբաումը, ինչպես նաև Արյա Լայթսթոունը, որը 2017-2021 թվականներին զբաղեցրել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Դևիդ Ֆրիդմանի ավագ խորհրդականի պաշտոնը:
Բացի այդ, բարձր ներկայացուցչի գրասենյակին աջակցելու համար NCAG-ը ստեղծել է Գազայի Գործադիր խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ԱՄԷ-ի միջազգային համագործակցության նախարար Ռիմ Ալ Հաշիմին, Նիդեռլանդների նախկին փոխվարչապետ Սիգրիդ Կաան, միլիարդատեր Մարկ Ռոուենը և գործարար Յակիր Գաբայը:
Հիշեցնենք` Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ մտավ հոկտեմբերի 10-ին: ՀԱՄԱՍ–ը գործարքի շրջանակում ազատ արձակեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայում պահվող 20 պատանդներին: Իսրայելն ի պատասխան բանտերից ազատ արձակեց մոտ 2 հազար պաղեստինցի բանտարկյալների։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո զոհվել է գրեթե 440 մարդ, ավելի քան 1200-ը` վիրավորվել։
Sputnik Արմենիա
