Логотип

Մահացել է նշանավոր ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը

Կյանքից հեռացել է նշանավոր ճարտարապետ-գիտնական, ճարտարապետության պատմաբան Մուրադ Հասրաթյանը։ Լուրը հրապարակվել է Արցախի մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջում։

Մահվան պատճառը չի նշվում։ Գիտնականը հունիսին կդառնար 91 տարեկան։

Հասրաթյանը նշանակալի ներդրում է ունեցել Արցախի հայկական ճարտարապետական ժառանգության ուսումնասիրման և փաստագրման գործում։ Խորհրդային ժամանակաշրջանի նրա գիտական չափագրություններն ու հետազոտությունները՝ մասնավորապես Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի, Խաթրավանքի, Գտչավանքի և Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի վերաբերյալ, այսօր հիմնարար աղբյուր են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության համար։

Նրա աշխատությունները կարևոր դեր են ունեցել Արցախի հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող կեղծարարություններին գիտական պատասխան տալու գործում։

Sputnik Արմենիա