Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը NEWS.am–ի հետ զրույցում անդրադարձել է քաղբանտարկյալների վերաբերյալ Եվրամիության լռությանը։
– Մեր հարցը վերաբերում է Հայաստանում քաղբանտարկյալների խնդրին։ Ընդդիմությունը նշում է, որ ավելի քան 60 քաղբանտարկյալ կա մեր երկրում։ Ո՞րն է ԵՄ դիրքորոշումը այս հարցում։ Ինչո՞ւ է Եվրամիությունը լռություն պահպանում։
– Մենք ակնկալում ենք, որ իշխանությունները կիրառեն բոլոր այն չափանիշները, որոնք պահանջվում են օրենսդրությամբ և Սահմանադրությամբ։ Մենք կապի մեջ ենք բոլոր այդ մարմինների հետ։ Մենք չենք կարծում, որ անհրաժեշտ է քաղաքականացնել առանձին գործերը, դրանք պետք դիտարկել երկրի ներսում ընթացող քաղաքական և ինստիտուցիոնալ քննարկումների համատեքստում։ Այնպես որ, Եվրոպական միությունը լուռ չէ, սակայն Եվրոպական միությունը չի կարող սկսել մեկնաբանություններ անել, քանի որ մենք իրավասու մարմին չենք։ Մենք աշխատում ենք գործընկերների հետ, ունենք երկխոսություն նաև քաղաքացիական հասարակության հետ։ Աշխատում ենք ինչպես Կառավարության, այնպես էլ ընդդիմության հետ, որը նույնպես հետևում է այդ գործերից որոշներին։ Մենք մշտական երկխոսության մեջ ենք բոլորի հետ։ Սա է մեր գործունեությունը, և մենք լուռ չենք, քանի որ այստեղ ենք՝ աջակցելու Հայաստանի իշխանություններին և հայ ժողովրդին՝ ավելի բարձր ստանդարտների հասնելու համար։ Բայց դա կախված է նրանից, թե ինչպես են գործում իշխանության բոլոր ճյուղերն ու ինստիտուտները։
– Անկախ կառավարության հետ աշխատանքից, Եվրամիությունը մոնիտորինգի ենթարկում է իրավիճակը։ Դո՞ւք չե՞ք տեսնում՝ ինչ է կատարվում։
– Եվրամիությունը հետևում է իրավիճակին՝ քննարկումների միջոցով բոլոր գործընկերների հետ, սակայն մենք չենք կարող միջամտել առանձին գործերին։ Այնուամենայնիվ, մենք շատ մոտիկից հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում։
-Վերջին հարցը «Թրիփի» վերաբերյալ է։ Մինչ հայ պաշտոնյաները Վաշինգտոնում քննարկում են ծրագիրը Միացյալ Նահանգների հետ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ձեր կարծիքով՝ սա կարո՞ղ է ազդել այդ այցի գործընթացի վրա, և արդյոք ԵՄ-ն հետևում է գործընթացին։
– Եվրոպական միությունը աջակցում է տարածաշրջանում խաղաղությանն ու կարգավորմանը, աջակցում է խաղաղության օրակարգին և պատրաստ է օգտագործել իր գործիքները, այդ թվում՝ ֆինանսական գործիքները, տարբեր կապուղիների և փոխկապակցվածության նախագծերի իրականացման համար։ Իհարկե, մենք աջակցել ենք և ողջունել ենք անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված որոշումները, ինչպես նաև ողջունում ենք հաջորդ քայլը, որը կատարվեց կրկին Վաշինգտոնում։ Մենք պատրաստ ենք տեսնել, թե ինչպես կարող ենք հետագա աջակցություն ցուցաբերել, ինչպես կարող ենք համագործակցել, և մենք քննարկումների մեջ ենք կառավարության հետ՝ հասկանալու համար, թե կոնկրետ որ նախագծերին կարող ենք մասնակցել։
