2025 թվականին Հայաստանի մի շարք պետական մարմինների դեմ քաղաքացիներից ստացված դիմումների և բողոքների թիվը կտրուկ աճել է։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ու Երևանի քաղաքապետարանին։ Այս մասին ապրիլի 20-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի գործունեության տարեկան քննարկման ժամանակ, հայտարարել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Նա նշել է, որ 2024 թվականին ԿԳՄՍ նախարարության գծով ստացվել է 189 դիմում և բողոք, մինչդեռ 2025 թվականին այդ թիվն արդեն հասել է 910-ի։ Ինչ վերաբերում է քաղաքապետարանին, ապա 2024-ին ստացվել էր 357 դիմում-բողոք, իսկ 2025-ին՝ 919։
«2025 թվականին, ՄԻՊ գրասենյակը ստացել է 22,655 դիմում-բողոք, ինչը մոտ 2,900-ով ավելի է, քան 2024 թվականին։ Չնայած իմ ու աշխատակազմի կողմից անընդհատ իրազեկումներին, որ արդարադատությունը ՄԻՊ լիազորություններից դուրս է, մենք նաև շատ մեծ բողոքներ ենք ստանում դատական իշխանությունների մարմինների գործունեության հետ կապված։ 2024 թվականին 244 դիմում-բողոքի համեմատ 2025 թվականին 382 դիմում-բողոք ենք ունեցել», – հայտնարարել է Մասյանը։
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ դատական պրակտիկայի մասով իրենց գրասենյակը մի շարք խնդիրներ է վերհանել։ Դրանք, մասնավորապես, վերաբերում են կալանքի ակտիվ կիրառմանը և քաղաքացիների հոգեկան առողջությանը։ Վերջինիս դեպքում խոսքը ոչ հոժարակամ հոսպիտալացման մասին է։
News.am
