Տաշիրում և Ստեփանավանում քննիչներն այս պահին խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների բնակարաններում։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
Խուզարկություններ են իրականացվում Վրույր Այվազյանի, Անդրանիկ Գևորգյանի, Վահե Դավթյանի և Արսեն Միկոյանի բնակարանները։ Նշենք, որ նրանցից Անդրանիկ Գևորգյանը նաև կուսակցության նախընտրական ցուցակում է ընդգրկված։
Գոհար Մելոյանի խոսքով, իշխանություններն արդեն 4–րդ օրն է՝ նմանատիպ գործելաոճ են որդեգրել՝ փորձելով ճնշում գործադրել կուսակցության անդամների նկատմամբ, որը, սակայն նրանց չի հաջողվելու։
«Այս իշխանությունները հողի վրա արձանագրում են, որ դեպի պարտություն են գնում և երեկվա Գյումրիում նրանց մերժումից հետո, նրանք իրենք էլ են արձանագրում, որ ժողովուրդը փոփոխություն է ուզում և այդ փոփոխությունը կատարելու է։ Իսկ վարչապետի ամենահավանական թեկնածուն Սամվել Կարապետյանն է, դրանով է պայմանավորված իշխանությունների այս գործելաոճը։ Մենք մինչև վերջ պայքարելու ենք, որ մեր քաղաքացիների քվեները տեղ հասնեն և երկրում լինի փոփոխությունը»,– ասաց նա։
