ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը հազվադեպ է «երջանկացնում» հանրությանը իր ելույթներով, իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններով կամ հայտարարություններով, ընդ որում՝ մշտապես խուսափելով հստակ գնահատականներից: Ասենք, հանրությանն էլ նախկին բարձրաստիճան զինվորականի կարծիքն ընթացիկ խնդիրների վերաբերյալ առանձնապես չի հետաքրքրում, քանի որ նրա անունը սերտորեն կապված է 44-օրյա պատերազմի հետ և կապակցվում է առաջին հերթին պարտության պատճառներին։ Ու նաև՝ բունկերին, որտեղ, ըստ ոչ մի անգամ և ոչ մեկի կողմից չհերքված տեղեկությունների, նա թաքցրել էր Նիկոլին պատերազմի խայտառակ ավարտից անմիջապես հետո։
ԵՎ ԱՀԱ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՎ ԱՇՆԱՆԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ հինգուկես տարի քար լռություն պահպանած գեներալ-գնդապետը հանկարծ որոշեց խոսել։ Թեպետ, «հանկարծ» բառն այստեղ զուտ պայմանական է, քանզի Գասպարյանի հայտարարությունը հնչեց ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավարի և պաշտպանության նախկին նախարարի աղմկահարույց ելույթից երկու օր անց։ Սեյրան Օհանյանը համոզիչ և փաստարկավորված կերպով մեղադրեց ՀՀ ԶՈւ հրամանատարությանը և անձամբ «գերագույն գլխավոր հրամանատար» Փաշինյանին 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմաճակատի հատվածներից մեկի պաշտպանությունը ձախողելու մեջ:
Նախկին նախարարի խոսքերով՝ հարավային ուղղության համար պատասխանատու էր ոչ թե Արցախի Պաշտպանության բանակը, այլ Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբը՝ Գասպարյանի գլխավորությամբ, որի որոշումները հաստատվում էին անձամբ Փաշինյանի կողմից: Եվ հենց այդ հատվածում ագրեսորը «Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության անփութության արդյունքում» ճեղքեց պաշտպանությունը և հասավ Շուշի, մինչդեռ մնացած հատվածներում թշնամին բախվել էր կատաղի դիմադրության և կրել ահռելի կորուստներ՝ չհասնելով զգալի առաջխաղացման։
Ըստ էության, Սեյրան Օհանյանը մեղադրեց Օնիկ Գասպարյանին և Նիկոլ Փաշինյանին պաշտպանական գիծը ձախողելու մեջ, ինչը, թերևս, վճռորոշ եղավ ողջ պատերազմի ելքի համար: Մեղադրանքը, ինչ խոսք, շատ լուրջ է։ Եվ հենց այդ պահին Գասպարյանը որոշեց, որ «ժամանակն է առերեսվել իրականության հետ և պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները»։
Ապրիլի 19-ին հրապարակված հայտարարության մեջ ԳՇ նախկին ղեկավարը պնդում է, թե ինքն այս ամբողջ ընթացքում զերծ է մնացել հրապարակային պարզաբանումներից, քանի որ «գերադասել է ազգային և պետական շահը»: Սակայն հիմա, երբ «որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական և հետպատերազական իրադարձությունների վերաբերյալ»՝ իր անձի շահարկումով, Գասպարյանն առաջարկում է փակ քննարկում կազմակերպել խորհրդարանում՝ խոստանալով «զինված ուժերին վերաբերող մասով ներկայացնել մանրամասն և բազմակողմանի փաստարկված վերլուծություն»։
Այսինքն հայ ժողովրդի պատմական աղետի պատասխանատուներից մեկը, Արցախի հանձնման գլխավոր մեղավորին պատսպարած ու պաշտպանած մարդը գրեթե 6 տարի խուսավարել է, աջը քաշել, լռել, արտահայտվել ակնարկներով և խուսափել կարևորագույն հարցերին ուղիղ պատասխան տալուց, նստել մի կողմ քաշված, երբ պետության ու ազգի համար ճակատագրական իրադարձություններ էին տեղի ունենում, ձայն ու ծպտուն չհանելով։
.. ԻՍԿ ՀԻՄԱ ՈՐՈՇԵԼ Է, ՈՐ «ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱՌԵՐԵՍՎԵԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ»։ Գուցե այն պատճառով, որ Օհանյանի մեղադրանքներից հետո Նիկոլին կրկին շտապ անհրաժեշտ է Գասպարյանի «բունկե՞րը», որտեղ կարելի է «թաքցնել» պետական դավաճանության և Հայրենիքին դավաճանության հետ կապված ամենը։ Ընդ որում Օնիկ Գասպարյանը չգիտես ինչու կարծում է, թե մարդիկ կհավատան իր «վերլուծությանը», ինչպեսև նրան, թե պատերազմից հետո ժողովրդի համար ծանրագույն ժամանակաշրջանում ինքն առաջնորդվել է, տեսեք-տեսեք, «ազգային շահերով»։
Գեներալ, որը բանակի համար վճռորոշ օրերին համարձակություն ու կամք չունեցավ դիմակայելու «գերագույն գլխավոր հրամանատարի» տգետ ու ազգադավ որոշումներին: Գեներալ, որը համարձակություն և կամք չունեցավ մինչև վերջ գնալու՝ 2021 թվականի փետրվարի 25-ին Փաշինյանի հրաժարականի պահանջով ԶՈՒ գեներալակազմի հայտնի հայտարարությունից հետո։
Ժամանակը ցույց տվեց, որ այդ հայտարարության ստորագրողներից շատերն ի վերջո ծառայության անցան (ավելի ճիշտ՝ մանր սպասավոր դարձան) այն մարդու մոտ, ում հրաժարականը պահանջում էին։ Բայց եթե հենց Գլխավոր շտաբի պետն այն ժամանակ հաստատակամություն և վճռականություն ցուցաբերեր՝ պատմական պատասխանատվություն ստանձնելով տեղի ունեցող ամենի համար, ապա Հայաստանում և Արցախում իրավիճակը, ամենայն հավանականությամբ, այսօր առնվազն այսչափ աղետալի չէր լինի։
Գուշակություններ չենք անի, թե փետրվարյան այն հայտարարության հետ կապված պատմության մեջ նրանով որքանով էին ներգրավված արտաքին դերակատարները, բայց մեկ բան կարելի է ասել հաստատապես. գեներալ Գասպարյանը 2021-ին և հաջորդ բոլոր տարիներին նախապատվությունը տվել է անձնական շահերին՝ ի վնաս ազգայինի: Թե ինչից էր վախենում նա. ԳՇ-ում նախապատերազմական աշխատանքի հետ կապված կոմպրոմատից, պատերազմում պարտության մեջ սեփական դերի մասին ճշմարտությունից, թե «բունկերի» վերաբերյալ բացահայտ ասված իրողությունից, էական չէ։ Շատ ավելի կարևոր է այն, որ բանտախցում հայտնվելու վախը ավելի ուժեղ գտնվեց, քան պարտքի զգացումը, սպայական պատիվն ու զինվորական երդումը։
Եվ ցանկացած անկեղծացումներ, այն էլ «փակ քննարկումների» ընթացքում, որտեղ ճնշող մեծամասնություն կկազմեն (իհարկե, դրանց անցկացման դեպքում) Փաշինյանի հանցակիցները, նույնիսկ եթե համապատասխանեն ճշմարտությանը, հասարակությունը կընկալի որպես ուշացած արդարացումների փորձ և սեփական անունը ճերմակացնելու ապարդյուն ջանքեր։ Չի ստացվի։ Քանզի խոսքը պատահական հասարակ սխալների և սխալ հաշվարկների մասին չէ, որ կարող է թույլ տալ յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ գլխավոր շտաբի պետը։
ՊԱՐԶԱՊԵՍ ՇԱՏ ՄԵԾ ԷՐ ԱՅԴ «ՍԽԱԼՆԵՐԻ» ԳԻՆԸ. Հայրենիքի կորուստ, մի քանի հազար զոհված հայ մարտիկներ և պետականության կորստի իրական վտանգ։ Ու նաև այն պատճառով, որ երբ «սխալները» շարունակական և հետևողական բնույթ են կրում, ապա դառնում են արդեն գիտակցված ընտրություն, որի համար վաղ թե ուշ պետք է պատասխան տալ:
Հայկական գեներալակազմի թեման, որը ոչ միայն չկարողացավ կանխել մասշտաբային աղետը, ոչ միայն չցուցաբերեց այն հատկանիշները, որ ակնկալում էր ժողովուրդը դրա լավագույն ներկայացուցիչներից, այլև վախկոտ ու հնազանդ ծառայության անցավ դավաճանների օկուպացիոն ռեժիմին, անշուշտ, առանձին խոսակցություն է պահանջում։ Տվյալ դեպքում սահմանափակվենք միայն վաղուց կասկածի ոչ ենթակա փաստի արձանագրմամբ. Օնիկ Գասպարյանը, որի հետ շատ-շատերն էին հույս կապում 44-օրյա պատերազմի օրերին, արեց բնավ ոչ այն ընտրությունը, որ սպասում էին իրենից։
Դա այն ընտրությունը չէր, որ արեցին այսօր ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ գեներալներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Միքայել Համբարձումյանն ու Տիրան Խաչատրյանը, որոնք բանտախցում ժամկետ անցկացրեցին Հայաստանում։ Նոյեմբերի 10-ին Գասպարյանն ընտրեց այն, ինչից չի մաքրվի երբեք։ Ընտրություն, որի համաձայն նա ստիպված է ողջ կյանքում «բունկեր» ապահովել Նիկոլի համար՝ նրա առաջին իսկ պահանջով։
