Логотип

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ՓԱԹԵԹԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ՝ ՄԱՅԻՍՅԱՆ ՍԱՄԻԹԻՑ ԱՌԱՋ

«Հրապարակ»-ի ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ՝ մայիսի 4-5-ին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի հետ կապված։ Փաստաթուղթը մի շարք փակագծեր է բացում և ի ցույց դնում Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրական պատկերը: Այն, թե ինչ հուսահատ քայլերով են ՀՀ իշխանությունները փորձում սիրաշահել ԵՄ-ին և ինչպես են հնազանդորեն կատարում ամենաանհասկանալի առաջարկներն ու հրահանգները, և թե ԵՄ-ն ինչ խոնարհ ծառայություն է ակնկալում Հայաստանից:

Փաստաթղթում խոսվում է այն մասին, թե ինչպես պետք է ընթանա մայիսի սկզբին հրավիրված գագաթնաժողովը, և ինչ պետք է ասի ու անի հայկական կողմը, ինչպես պետք է իրեն պահի, ինչ հարցեր պետք է լուծի: Պարզ ասած` սա ուղեցույց է ՀՀ «ինքնիշխան» ղեկավարության համար, թե Եվրոպան ինչ է ակնկալում իրենից: Ճիշտ է` հիմնականում խորհրդատվության տեսքով է դա արվում, բայց նման փաստաթղթի գոյությունն ինքնին խոսում է այն անհավասար հարաբերությունների, այն տեր-ստրուկ կախվածության մասին, որ գործում է ԵՄ և ՀՀ իշխանությունների միջև: Փաստաթղթից ակնհայտ է դառնում, թե ինչքան է Եվրամիությունը կարևորում երկու հարց` երկաթուղու հարցը, այն ամեն գնով ռուսական ընկերության ձեռքից խլելը և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանային անցակետերի փոխգործակցությունը` միջին միջանցքի համատեքստում։ ԵՄ-ն թվարկում է գագաթնաժողովի ընթացակարգը, անելիքները. մտադրությունների նամակների ստորագրում, նախահամաձայնագրեր համապատասխան ոլորտներում, Հայաստանի համար հավանական օգուտների ցանկ և այլն՝ առաջարկելով գործընկերային կապերի ամրապնդմանն ու ինտենսիվացմանն ուղղված քայլեր, օրինակ` տրանսպորտի, էներգետիկայի, թվային ոլորտներում, ժողովուրդների միջև կապեր, հայկական սփյուռքի ներգրավում, Թումո կենտրոնի ներգրավում թվային կրթության պրոցեսներում և այլն։

Փաստաթղթում, օրինակ, մի քանի տեղ ասվում է․ «Նախագահը կարող է հայտարարել․․․․․․․»․ խոսքը, ենթադրաբար, Հայաստանի նախագահի կամ ՀՀ ԱԺ նախագահի, կամ գագաթնաժողովը նախագահողի մասին է։ Այսինքն, անգամ նախագահին խոսքի ազատություն և իր ասելիքն ինքնուրույն որոշելու իրավունք չեն նախատեսում: «Հրապարակ»-ի տեղեկություններով, այս փաստաթուղթ-առաջարկի կազմմանը մասնակցել է ԵՄ բարձրաստիճան մի պաշտոնյա` Հոա-Բին Աջեմյանը, որը Հայաստանում պրոիշխանական որոշ բիզնեսմենների հետ սերտ կապեր ունի։ Նա տարիներ առաջ եղել է ՀՀ-ում գործող ԵՄ պատվիրակության գրասենյակում համագործակցության բաժնի ղեկավարը, այդ թվում` 18-ի «հեղափոխությանը» նախորդած շրջանում, և հաճախ հյուրընկալվել է ԵՄ պատվիրակության գրասենյակում։

Վերադառնալով ԵՄ-ի, այսպես կոչված, առաջարկների փաթեթին, ներկայացնենք դրա բովանդակությունը: Փաստաթղթում անդրադարձ կա էներգետիկ ոլորտին: Ըստ եվրոպացիների՝ Հայաստանի էներգետիկ ոլորտը բախվում է էլցանցի անկայունության մարտահրավերին, ինչը բարդացնում է վերականգնվող էներգիայի հետ կապված մեծ ներդրումները, հոսանքի արդյունավետ կառավարումն ու պահպանությունը, քանի որ մարտկոցային էներգիայի պահեստավորման համակարգը բացակայում է, և կարիք կա վերազինել ու մոդեռնիզացնել էլեկտրացանցը։ Եվրոպացի գործընկերներն իրենց օգնությունն են առաջարկում, ինչպես նաև՝ խորհուրդ են տալիս, թե նախագահը, սրա հետ կապված, ինչ ասի իր ճառում: Նաև այս ոլորտում մինչև 1 միլիարդ դոլարի ներդրումներ են խոստանում։

Առաջարկների փաթեթում անդրադարձ կա նաև թվային ոլորտին, արձանագրված են այս ոլորտում հայկական ընկերությունների գրանցած հաջողությունները, և որպես նպատակ նշված է՝ «Հայաստանի ինտեգրացիան եվրոպական թվային տնտեսությանը»։ Առաջարկում են համագործակցության մոդելներ և ֆոնդ, որտեղ կարելի է մոբիլիզացնել մոտավորապես 60 միլիոն եվրո կապիտալ։ Այս բաժնում նշվում են ոլորտում հայտնի մի շարք կազմակերպությունների անուններ, որոնց մեջ նաև NVIDIA-ն է․ վերջինի փոխնախագահն օրեր առաջ Երևանում էր` հանդիպում էր Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաստաթղթում` գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների համատեքստում խոսվում է նաև, մարտից սկսած, Հայաստան ժամանող մարդկանց մասին։ Հիշատակվում է նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, որի տնօրենն իշխանությունների հետ սերտորեն համագործակցող և Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանն է։ Նա նաև Փաշինյանի հետ Կիրանցի պատի մոտ էքսկուրսիա գնացածների խմբի մեջ էր:

ԵՄ գործընկերները չեն անտեսել նաև հայկական սփյուռքը` իր կայացած կազմակերպություններով, ինչպես, օրինակ, AGBU-ն` Հայ բարեգործական միությունը: Նշված է, որ հայկական սփյուռքը` Եվրոպայում ունեցած ուժեղ համայնքներով ու բիզնեսներով, մշակույթի, հանրային քաղաքականության ոլորտներում իր ակտիվությամբ Հայաստանի ամենակարևոր ռազմավարական հարստություններից է, իսկ AGBU-ն ունի կրթության, ձեռնարկատիրական աջակցության ու միջազգային համագործակցության երկարատև պատմություն։ ԵՄ-ի ու AGBU-ի միջև համագործակցությունը կօգներ ավելի համակարգված մոբիլիզացնել սփյուռքը և ուժեղացնել կապերը Հայաստանի ու Եվրոպայի միջև։ Եվ սփյուռքը կարող էր դառնալ կամուրջ Հայաստանի ու Եվրոպայի միջև։ Ի դեպ, ՀԲԸՄ-ն 2023-ին հայտարարություն էր տարածել Արցախի ինքնորոշման իրավունքը հարգելու, իսկ անցած տարի կոչ էր ուղղել ՀՀ իշխանություններին՝ եկեղեցու ինքնավարությունը հարգելու մասին: ԵՄ-ի փաստաթուղթ-առաջարկների փաթեթում տեղ է գտել նաև Թումո կենտրոնի ու Դիլիջանի միջազգային քոլեջի հետ հնարավոր համագործակցության թեման։ Գրված է, որ ցանկություն ունեն օգտվել Թումոյի փորձից, իսկ Դիլիջանի միջազգային քոլեջը` չլուծված կոնֆլիկտներով տարածաշրջանում, կարող է երկխոսության խրախուսման գործում ռազմավարական դեր խաղալ և հաջորդ սերնդին խաղաղ համագործակցության պատրաստել։

Այժմ անդրադառնանք այս փաստաթուղթ-առաջարկների փաթեթի ամենակարևոր 2 կետին.

1․ «Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանային անցակետերի ռեաբիլիտացիա, հատուկ ուշադրություն տվյալների փոխանակման վրա (e-custom, e-freight), որպեսզի կառուցվի արդյունավետ ու ինտեգրացված միջին միջանցք։ Որպեսզի միջին միջանցքը ծաղկի ու դիմակայուն լինի և ամբողջությամբ ինտեգրվի տարածաշրջանային երկաթուղային և ճանապարհային ցանցին` «նվազեցնելով ռուսական ազդեցությունը»՝ ասվում է փաստաթղթում։ Եվ խորհուրդ են տալիս, թե ինչ կարող են հայերը հայտարարել, և թե ինչին կօգնեն այդ հայտարարությունները, օրինակ` «․․․․կօգնի ներգրավել ԵՄ մասնավոր ներդրումներ»։

2․ Եվ, իհարկե, երկաթուղու թեման, որը դամոկլյան սրի պես կախում են Հայաստանի գլխին։ Առաջարկների փաստաթղթում հստակ` սևով սպիտակի վրա գրված է․ ՀՀ-ն պիտի պարտավորվի վերացնել ռուսական մոնոպոլիան ու վերաազգայնացնել երկաթուղին։

Այս թեմային բավականին լայն անդրադարձ են արել: Օրինակ, գրում են՝ Հայաստանի երկաթուղային ցանցը ներկայում գործում է Հարավկովկասյան երկաթուղու (Ռուսական երկաթուղիների դուստր ձեռնարկություն) տրված 30-ամյա (2008-2038) կոնցեսիոն համաձայնագրի միջոցով։ Ռուսական ազդեցությունը կրճատելու, ԵՄ ներգրավվածությունը մեծացնելու և ԵՄ պոտենցիալ ներդրումներ ներգրավելու, ինչպես նաև՝ ԵՄ տրանսպորտային պահանջներին հնարավորինս մոտենալու համար մի շարք առաջարկներ են անում: Օրինակ, ապամոնտաժել ազգային երկաթուղու մոնոպոլիան` առանձնացնել ռելսերի, ռելսագնացների ընկերությունն ու ընդհանուր կառավարումը։ Այս մոտեցումը, ըստ ԵՄ-ի, կկրճատի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, նոր հնարավորություններ կբացի, ինչպես, օրինակ, ներդրումներ երկաթուղային ցանցերի լրացուցիչ սեգմենտներում (կոնցեսիոն կղզյակ), որպեսզի Հայաստանի երկաթուղային համակարգն ինտեգրվի տարածաշրջանայինին (Ադրբեջան և Թուրքիա), միևնույն ժամանակ հեռու պահելով ռուսական երկաթուղային օպերատորին ռեաբիլիտացված ուղուց (Եվրաթունելի մոդելով): Եվրոպացի գործընկերները չեն մոռացել հիշեցնել, որ սրա համար Հայաստանից, հավանաբար, կպահանջվի կոմպենսացիա վճարել ռուսական ընկերությանը։ Խոսվում է նաև այն մասին, որ փոփոխությունների ինչ-որ փուլում Հայաստանը կարող է փոխանցել ենթակառուցվածքի կառավարումը ռուսական ընկերությունից որևէ անկախ միավորի։ Ըստ ԵՄ գործընկերների՝ այս փոփոխությունը կստեղծի նպաստավոր միջավայր՝ ԵՄ ստանդարտներին համապատասխան ներդրումների համար։

Այս ամենում ԵՄ-ի շահն ակնհայտ է, բայց անհասկանալի է մնում, թե որտեղ է ՀՀ-ի շահը։ Մանավանդ՝ եթե հաշվի առնենք, որ ներդրումների և օգնության նախկին խոստումները ԵՄ-ն դեռ չի կատարել: Եվ արդյո՞ք Հայաստանն ունի այնքան ռեսուրս, որ կարողանա կտրուկ հրաժարվել ՀՀ-ՌԴ հարաբերություններից ու համագործակցությունից` դրանից բխող բոլոր տնտեսական հետևանքներով հանդերձ:

Verelq.am