Логотип

«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔ» ԱՍԵԼՈՎ՝ ԱԼԻԵՎԸ ՆԿԱՏԻ ՈՒՆԻ ՈՉ ՄԻԱՅՆ «ՀՈՐԱԴԻԶ-ԶԱՆԳԵԼԱՆ» ՀԱՏՎԱԾԸ

Փաշինյանը կոչ է անում շարքային քաղաքացիներին հավատալ, թե արդեն խաղաղ ապրում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ, մինչդեռ ինքն անկարող է Ալիևի հետ պայմանավորվել առանցքային ձևակերպման շուրջ: Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից հերթական անգամ արտաբերեց «Զանգեզուրի միջանցք» բնորոշումը, իսկ Փաշինյանը, բողոք ու վրդովմունք հայտնելու փոխարեն, փորձեց պարզաբանել, թե ինչու է Ադրբեջանի նախագահը նման տերմինաբանություն գործածել: Հայաստանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանը ենթադրեց, թե Ալիևը նկատի է ունեցել «Թրամփի ճանապարհի» ադրբեջանական Հորադիզ-Զանգելան հատվածը: Փաշինյանին պատասխանեց «Ազերբայջան» պաշտոնաթերթը, օրերս տեղեկություններ հրապարակելով այն մասին, որ «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությամբ՝ Ալիևը նկատի ունի ոչ միայն այն հատվածը, որն անցնելու է Ադրբեջանի տարածքով, այլև ամբողջ «Թրամփի ճանապարհը» (TRIPP):

«ՍԱ ՏԵՐՄԻՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ ՉԷ, ՍԱ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ Է»,- անդրադառնալով իրավիճակին՝ ընդգծեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Նրա խոսքերով, կրկնվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 9-րդ կետի հետ կապված իրավիճակը, երբ Փաշինյանը հավաստիացնում էր, թե խոսքը ոչ թե ռուս զինվորականների կողմից ուղղակի վերահսկողության, այլ «հեռավորության վրա» վերահսկողության մասին է։ Բնավ պատահական չէ, որ Աննա Հակոբյանը, որը, հիշեցնեմ, ինքնաթիռում էր մոռացել Չարենցի «Երկիր Նաիրի» գիրքը, օրերս ողջ ժողովրդին իրազեկեց, թե ավարտել է Էրդողանի հեղինակած և իր ամուսնուն նվիրած գրքի ընթերցումը: Փաշինյանն ակնկալում է, թե Թուրքիան ճնշում կգործադրի Ալիևի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի «Զանգեզուրի միջանցք» գաղափարից։

Ուզում եմ հիշեցնել, որ խորհրդարանի ամբիոնից հնչեցրած (5 տարի առաջ) վերոնշյալ այն հավաստիացումներից հետո, թե ռուս զինվորականները կանգնելու են հայ սահմանապահների թիկունքին, որոնք էլ վերահսկելու են ճանապարհը, ընդդիմությունը հայտարարեց, որ Փաշինյանն ինքն էլ չգիտի, թե ինչ է ստորագրել 44-օրյա պատերազմի արդյունքներով։ Իշխող վերնաշերտի պարագլուխն այնքան պատկերավոր էր նկարագրում հայ և ռուս զինվորականների տեղակայումը (առաջին շարքը՝ ճանապարհի երկու կողմերում, երկրորդը՝ առաջինից 5 մետր հեռավորության վրա և այլն), որ անփորձ մարդուն կարող էր թվալ, թե ռեժիմի վերնաշերտը տիրապետում է իրավիճակին և կառավարում գործընթացները։ Ժամանակը ցույց տվեց, որ իրադարձությունների զարգացումն ընթացավ բոլորովին այլ հունով, և Փաշինյանն այդ մասին գիտեր։ Նա գիտեր, որ 44-օրյա պատերազմին հաջորդելու է Արցախի հանձնման երկրորդ փուլը, իսկ դրանից հետո բացվելու են Սյունիքի դարպասները…

Հիմա բանը հասել է Փաշինյանի և արտգործնախարարի միջև ակնհայտ հակասություններին։ Մինչ Փաշինյանը կոչ էր անում ուշադրություն չդարձնել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը, պատճառաբանելով, թե խոսքը Ադրբեջանի ներքին լսարանի համար նախատեսված տերմինաբանության մասին է, Արարատ Միրզոյանը լեհական հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստովանեց, որ Ալիևը պայմաններ է դնում խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման համար:

«Մինչ խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը կան գործընթացներ, որոնք արդեն տեղի են ունենում… Օրինակ, մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը և միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարը»,- ասաց նախարարը: Եթե դիվանագետականից սա թարգմանենք հասարակ մահկանացուների լեզվի՝ նա անուղղակիորեն հաստատեց, որ Ալիևը պայմաններ է դնում վերջնական ստորագրման համար։ Հաստատվեցին նաև մտավախությունները, որ հայկական կողմը շարունակում է իրականացնել Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը՝ առանց վերջնականապես հստակեցնելու «Թրամփի ճանապարհի» նպատակն ու բնույթը:

Եթե վաշինգտոնյան հանդիպումից 2 ամիս անց Ալիևը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, նկատի ունենալով ոչ միայն Հորադիզ-Զանգելան հատվածը, այլև «Թրամփի ճանապարհն» ամբողջությամբ, ապա դա կարող է նշանակել միայն այն, ինչի մասին մենք զգուշացրել ենք օգոստոսի 8-ից ի վեր։ Խոսքը տևական խաղաղության մասին չէ, խոսքը զիջումների մասին է՝ արտատարածքային միջանցքի տրամադրման տեսքով։ Հիմնավոր կասկածներ կան ժողովրդի թիկունքում կնքված հերթական պայմանավորվածությունների վերաբերյալ։ Պատահական չէր Ալիևը վստահեցնում իր համաքաղաքացիներին, որ նրանք չեն տեսնելու հայ մաքսավորների և սահմանապահների երեսը։ Միրզոյանը խոսում է Ալիևի պայմանների մասին, իսկ Փաշինյանն այդ պայմանները վերագրում է ներքին օգտագործման համար նախատեսված հռետորաբանությանը, համարելով, որ հայ ժողովուրդը հերթական քաղցր սուտը կգերադասի հերթական զիջումների դառը ճշմարտությունից՝ ի վնաս հայկական շահերի։

Ադրբեջանում ոչ միայն խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին, այլև երգեր երգում, նույնիսկ տեսահոլովակ են նկարահանել, որտեղ Ալիևին ցույց են տալիս էքսկավատորի ղեկին՝ ճանապարհ հարթելիս: Մինչ Փաշինյանը փորձում է ներշնչել հայերին, թե Արևմտյան Հայաստանը Արմավիրի և Շիրակի մարզերն են, Ալիևը բացահայտ նկրտում է Սյունիքին, ինչը չի կարող հիմնավոր կասկածներ չծնել ժողովրդի թիկունքում տարածքային զիջումների թեմայով հերթական դավադրության մասին։ Ժողովուրդը դա տեսնում է, իսկ առկա գործընթացները հանգեցնում են այն մտքին, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանի կանխատեսած պահը, երբ «Մեղրին կպայթի Երևանի կենտրոնում», արդեն սարերի հետևում չէ։

Իրավիճակը կարող է փրկել միայն համաժողովրդական աջակցությունը «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած իմպիչմենտի ընթացակարգին, որին այդքան կատաղի դիմադրում է խորհրդարանական մեծամասնությունը: Փաշինյանի կուսակցությունը պատրաստ է հանձնել Սյունիքը՝ 2026-ի ընտրությունների արդյունքներով որպես սահմանադրական մեծամասնություն վերարտադրվելու դիմաց…