Логотип

2020թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ԼԵԳԵՆԴԱՐ 5-ՐԴ ԲՐԻԳԱԴԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ, ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ ԲԱՔՎՈՒՄ…

5 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատարը։ Ամեն ինչ սկսվեց 2018 թվականի հունիսի 16-ին, այդ օրը Մանվել Գրիգորյանը ձերբակալվեց։ Եվ հենց դա սկիզբ դրեց ռեժիմի 7-ամյա կառավարման առանցքային (նշանակալի) դրվագներին՝ «դիմակների շոու» անվանումով: Այն ժամանակ ոչ ոք չէր կարող ենթադրել, որ այդ «շոուն» շարունակվելու է Բաքվի ռազմական դատարանում, իսկ մեղադրյալներ են լինելու հաղթանակի մյուս գեներալները…

ՆՈՒՅՆ ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՓՈՒՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ. ապօրինի զենք պահելուց մինչև շորթում և գույքի հափշտակում: Ժողովուրդը մարտական գեներալի հետապնդումն անվանեց «զինվորի փայի գողության», «գեներալ Մանվելի տուշոնկաների ու սգուշչոնկաների» գործ։

2020 թվականի հունվարի 15-ին Գրիգորյանին ազատ արձակեցին կալանքից՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով, 10 ամիս անց նա մահացավ։ Գեներալին պահում էին բանտախցում՝ չնայած նման պայմանների հետ անհամատեղելի ախտորոշումներին։ Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը մի քանի ամիս շարունակ «չէր կարողանում» եզրակացություն տալ դատարանին օնկոլոգիայի 4-րդ փուլի և ինսուլինային կախվածությամբ դիաբետի վերաբերյալ։ Գեներալին ցուցադրաբար սպանում էին բանտում, դատարանի նիստերի էին բերում հաշմանդամի սայլակով։ Մարտական գեներալի հետ անձնական հաշիվներ մաքրելու Փաշինյանի ցանկության պատճառների մասին գրել ենք բազմիցս, ուստի չենք կրկնի։ Սահմանափակվենք հիշեցումով, որ Փաշինյանը վրեժ լուծեց Գրիգորյանից այն բանի համար, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո նա փողոց չբերեց Երկրապահի զինված ջոկատները՝ աջակցելու Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած բազմակուսակցական Կոնգրեսին։ Եթե գեներալը շարժվեր Տեր-Պետրոսյանի ու Փաշինյանի ասածով, ապա երկրում քաղաքացիական պատերազմի վտանգ կառաջանար։

Դատարանը պատիժ չի նշանակել գեներալին՝ հաշվի առնելով, որ նա այլևս ողջ չէ, իսկ այ նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, սակայն դատարանը հաշվի առավ նրա մասնակցությունը Արցախյան առաջին պատերազմին և ազատ արձակեց ազատազրկման պատժից: Գեներալի հարազատները մերժել են գլխավոր դատախազության հետ հաշտագիր կնքելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առաջարկը։ Նրանք արդարացում են պահանջում՝ չհամաձայնելով մահվան պատճառով քրեական հետապնդման դադարեցմանը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շարունակում է գործի քննությունը, ինչի մասին վերջերս հայտնեց գեներալի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Նրա խոսքերով, հաշտության առաջարկը ստացել են դատախազությունից, սակայն գեներալի հարազատների հետ բանակցությունների արդյունքում հաշտություն ձեռք չի բերվել: Բաղդասարյանը վստահ է, որ մեղադրող կողմը չունի հանգուցյալի մեղքի բավարար ապացույցներ: 2022թ. հունիսի 28-ին Գլխավոր դատախազությունը հայց էր ներկայացրել դատարան՝ օրենքի շրջանցմամբ վաստակած սեփականությունը գեներալի ժառանգներից և նրանց հետ կապված անձանցից բռնագանձելու վերաբերյալ։ Մեկ ամիս առաջ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հայցը մասնակի բավարարվեց։ Դատարանի որոշման ուժի մեջ մտնելուց հետո գեներալ Մանվելի ժառանգները և նրանց հետ կապված անձինք պարտավոր են պետությանը հատուցել ավելի քան 15 միավոր անշարժ գույք՝ 14 մլն 654 հազար դրամի։

2018Թ. ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՏԱՆՁՆԵՑ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ, իսկ հունիսի 16-ին սկսեց հալածել Արցախյան առաջին ազատամարտում փառաբանված Հաղթանակի գեներալներին: Կգա մի օր, երբ պատմաբաններն այդ օրվանից կսկսեն Արցախի հանձնման տարեգրությունը։ Գեներալ Մանվելի անունը նախորդ դարի 90-ական թվականներին սարսափեցնում էր ադրբեջանցիներին, նրա 5-րդ բրիգադը մեծ ավանդ ունեցավ Արցախի ազատագրման գործում։ Մահամերձ վիճակում գեներալը մեկնեց Արցախ, որտեղ այդ ժամանակ 44-օրյա պատերազմն էր ընթանում։ Գրիգորյանից սկսվեց Հաղթանակի գեներալների հետապնդումը։ Նրա կալանավորումից հետո ուժայինները (Փաշինյանի գաղտնի հրամանով) կազմակերպեցին մեքենայի հետ կապված հայտնի սադրանքը՝ փորձելով ձերբակալել գեներալ Վիտալի Բալասանյանին։ 44-օրյա պատերազմի ընթացքում մարտական գործողությունների ղեկավարումից հեռացվեց Արցախի հերոս, գեներալ Մովսես Հակոբյանը, ավելի ուշ նրա դեմ քրեական գործ հարուցվեց պետական գաղտնիք ներկայացնող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով:

44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո Փաշինյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանք ներկայացվեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։ Ոչ վաղ անցյալում կալանքի տակ հայտնվեց «Նիկոլ Դուման» ջոկատի հրամանատար, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը (ներկայումս ազատության մեջ է), նրան մեղադրում էին կառավարության զինված զավթում կազմակերպելու փորձի մեջ:

Քրեական հետապնդման է ենթարկվում «Սև Հովազ» ջոկատի հրամանատարի՝ 44-օրյա պատերազմում զոհված Ռուստամ Գասպարյանի եղբայր Սերոբ Գասպարյանը: Նա որպես մեղադրյալ է անցնում «Հյուսիսային տերևաթափ» պայմանական անվանումով գործով, թե իբր՝ Փաշինյանի կառավարության տապալման նպատակով ահաբեկիչներ է պատրաստել ՌԴ ռազմաբազաներից մեկում։

Անմիջական կապ կա Երևանում 5-րդ բրիգադի հրամանատարի և Բաքվում Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, այդ թվում՝ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանի և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանի դեմ ինքնադատաստանի միջև:

Մի օր (ենթադրում եմ, որ շուտով) այդ կապն իրավաբանորեն կապացուցվի իշխող վերնաշերտի պարագլուխների կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ազգային ու պետական շահերին դավաճանության մեղադրանքով դատական նիստում:

Իր վերջին ելույթները Փաշինյանը, որպես կանոն, եզրափակում է հետևյալ խոսքերով. «Փա՛ռք ընկածներին» և «Փա՛ռք հերոսներին»։ Նրա շուրթերից դա հնչում է որպես բացահայտ սրբապղծություն, քանզի ժողովուրդը գիտի և հիշում է, թե ով դահիճ դարձավ ընկածների և հերոսների համար, ով չկանխեց զինվորների մահը՝ վախենալով, որ իրեն դավաճան կհամարեն, ով է, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հավաստմամբ, մեղսակից հայկական երկրորդ հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ութ ներկայացուցիչների ձերբակալությանը…