«2008թ.մարտի 1-ի դեպքերը չեն սահմանափակվում 10 զոհով, հաջորդ օրերին տարբեր մարզերում գտել են մարդկանց մարմիններ, որոնք կարող էին առնչություն ունեցած լինել այդ իրադարձությունների հետ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց փաստաբան Տիգրան Եգորյանը՝ մեկնաբանելով Երևանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումները: Մարտի 1-ի դեպքերից անմիջապես հետո մայրաքաղաքի տարբեր թաղամասերից տեղեկություններ էին ստացվում, որ երթուղային տաքսիներ են նստում ուղևորներ և բարձրաձայն պատմում, թե Օպերայի և բալետի թատրոնի նկուղներում իշխանությունը թաքցնում է սպանված ցուցարարների դիակները: Ահա այդպիսին էր մարդկանց կողմից մարդկանց մշակման և հասարակական դժգոհության ձևավորման ուղղությամբ բազմակուսակցական կոնգրեսի գաղափարական առաջնորդների մեթոդաբանությունը: Դիակների մասին Եգորյանի ներկայիս հայտարարությունը նույն շարքից է։
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԻ ՈՐՊԵՍ 7 ՏԱՐՎԱ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ, ուստի հերթական խորհրդարանական ընտրություններից կես տարի առաջ ռեժիմը սկսել է ծոր տալ հին երգը։ Ինչպեսև պետք էր սպասել, մարտի 1-ի թեմայով խորհրդարանական լսումները չնշանավորվեցին թարմ գաղափարներով, բանն ավարտվեց երկրի գլխավոր հեռուստաընկերության եթերում փաստաբան Եգորյանի հիշյալ հայտարարությամբ:
Փաստաբանն, ըստ էության, ասաց, թե 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո երկրի տարբեր մարզերում մարդիկ են մահացել, հնարավոր է՝ հանցագործությունների արդյունքում: Ուրեմն ինչո՞ւ չենթադրել, թե հայտնաբերված դիակները կապ են ունեցել Ֆրանսիայի դեսպանատան և Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում մարտի 1-ի դեպքերի հետ, եթե շատ ես ուզում ինչ-որ բան ասել, իսկ այդ թեմայով ասելու բան չկա, քանզի ամեն ինչ ասված է դեռ նախկին իշխանության օրոք։
Այդ հայտարարությունը նման է ավելի վաղ հրապարակված «սենսացիային», թե քննչական մարմինների տրամադրության տակ են հայտնվել իրական պարկուճներ դեպքի վայրից, իբր՝ ոմն տղամարդ դրանք պահել էր մինչև 2018 թվականը, հետո՝ ևս մի քանի տարի, և վերջապես որոշել էր հանձնել քննությանը։ Այնուհետ հաղորդագրություններ հայտնվեցին, թե փորձաքննությունը հաստատել է պարկուճների իսկությունը, իսկ հետո գործը լռվեց։ Հիշեցնեմ, որ 2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող քննչական խմբի նախկին պետ Վահագն Հարությունյանին Փաշինյանի ռեժիմը մեղադրեց իրեղեն ապացույցները կեղծելու մեջ։ Խոսքն այն մասին էր, թե իբր՝ հետաքննության ընթացքում ոստիկանական ստորաբաժանումները տարվել են քաղաքից դուրս, որտեղ կրակել են, հետո հավաքել են պարկուճները և դրանցով փոխարինել 10 մարդու մահվան վայրից հավաքածները։ Այդ մասին գրվել է բազմիցս, այդ թվում՝ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի գլխավորած փաստահավաք խմբի կողմից։
Սաֆարյանը, հիշեցնեմ, զբաղեցրեց ՍԴ դատավորի աթոռը այն հայտարարությունից հետո, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մի խումբ անձանց ներկայացված սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը ենթակա է վերաորակավորման։ Հիշեցնեմ, որ Սեդայի եղբայրը՝ Ստյոպա Սաֆարյանը, մարտի 1-ի օրը աչքի ընկավ նրանով, որ ոստիկանների կողմից փոքրիկ աղջկա սպանության մասին հաղորդում տվեց և նույնիսկ ցույց տվեց նրա կոշիկը։ Ստուգման արդյունքում պարզվեց, որ դա սուտ է։ Օպերայի և բալետի թատրոնի հրապարակի վրաններից մեկում պահվող այդ աղջնակի մասին «Գոլոս»-ը գրել է նշյալ իրադարձություններից տարիներ անց: Բազմազավակ հայրը (ծնունդով Գառնի համայնքից) առավոտյան ոստիկանական ստուգման ժամանակ նրան գրկած տարել էր հրապարակից։ Ընթացքում կոշիկն ընկել էր երեխայի ոտքից։ Դա վերցրել ու սկսել էին բղավել, թե իշխանությունը երեխա է սպանել։
21-րդ դարում նույն մարդիկ զբաղվում են նույն ցածրորակ զրպարտանքով, ինչ որ 2008-ի մարտին։ Սկզբում ստեցին, թե Լևոնը նախագահական ընտրությունների արդյունքներով հավաքել է ձայների 65 տոկոս, ու գնա՜ց…
Հայտնի է, որ մեղադրանքը ներկայացված էր 300.1 հոդվածով, որը հակասում է Սահմանադրությանը: Այսօր Փաշինյանը որոշել է կրկին օգտագործել մարտի 1-ի խաղաքարտը՝ աչքի տակ ունենալով 2026 թվականի ընտրությունները, ուստի բացառված չէ, որ Եգորյանի հայտարարությանը միակը չլինի։
Ժամանակին նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մոսկվայից տված հարցազրույցում հայտարարեց, որ մարտի 1-ի գործը բացահայտել կարելի է, բայց դա Փաշինյանի ռեժիմի ուժերից վեր է: Կոստանյանը նույնիսկ օգնություն առաջարկեց այդ հարցում, բայց նրա օգնությունը չընդունեցին, չէ որ Փաշինյանը «հեղափոխության» արշալույսին հանրահավաքի ամբիոնից հայտարարել էր, որ մարտի 1-ի գործը բացահայտված է 100 տոկոսով, մինչդեռ 7 տարի անց 10 մարդու սպանողների անունները չեն նշվում։ Ի սկզբանե ասվում էր, որ մարդասպանների մասով գործը չի կարող բացահայտվել՝ կապված կեղծ պարկուճների և ոչնչացված իրեղեն ապացույցների հետ, իսկ ընտրություններից կես տարի առաջ հանկարծ որոշեցին, որ քննությանը պետք է նոր թափ հաղորդել։
ԻՀԱՐԿԵ, ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻՆ ՈՉ ՈՔ ՉԻ ՓՆՏՐԵԼՈՒ, գլխավոր խնդիրն աղմուկ բարձրացնելն է, որը թույլ կտա իշխող վերնաշերտի պարագլխին հարց պարտադրել հասարակությանը, թե տեղի՞ն է արդյոք համապետական ընտրություններին այն ուժերի մասնակցությունը, որոնք ձևավորվել են երկրորդ և երրորդ նախագահների ղեկավարությամբ: Փաշինյանն անձամբ շոշափեց այդ հարցը կառավարության ճեպազրույցում, կրկնելով իր այն թեզը, թե իրեն անընդհատ հարցնում են՝ ինչո՞ւ «նախկինները» զրկված չեն քաղաքական գործընթացներին մասնակցելու հնարավորությունից։ Երբ Փաշինյանը խոսում է այն մասին, որ «նախկինները» 2026-ի ընտրությունների արդյունքներով կհեռանան գործող քաղաքական դաշտից, դա ամենևին չի նշանակում, թե նա չի դիմի խորհրդարանական մրցավազքին այդ ուժերի մասնակցության արգելանքի…
Խորհրդարանական լսումների ամբիոնից գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց քննության ընթացքը 2022 թվականից մինչև մեր օրեր, այսինքն՝ այն բանից հետո, երբ 2021 թվականին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը ՍԴ-ն ճանաչեց Սահմանադրությանը չհամապատասխանող։ Այդ հիմքով ապրիլի 6-ին դատարանը դադարեցրեց Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ «հանցագործության փաստի» բացակայության պատճառով: 2024թ. սեպտեմբերին Վճռաբեկ դատարանը բեկանեց նախորդ բոլոր դատական ակտերը և գործն ուղարկեց Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության: 2024թ. հոկտեմբերի 11-ին մեղադրանքը վերաորակվեց, փոփոխվեց իրավական գնահատականը և որոշում կայացվեց մեղադրանք ներկայացնել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով (3-րդ մաս): Վարդապետյանի ելույթը ոչ մի բան չավելացրեց առկա տեղեկություններին, գործի վերակենդանացման չոր մնացորդում երկրորդ նախագահի ղեկավարած դաշինքն ու երրորդի կուսակցությանը խաղից դուրս բերելու փորձն է:
Փաշինյանին հիմքեր են պետք խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի մասնակցությունն արգելելու համար։ 2008թ. մարտի 1-ի դեպքերը հետընտրական ընդվզումների բնույթ էին կրում։ Ընդդիմադիր տրամադրված զանգվածները հավատացին Տեր-Պետրոսյանի շրջապատի տարածած այն ստին, թե բազմակուսակցական Կոնգրեսի առաջնորդը հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում, որն իշխանությունը գողացել է նրանից։ Իրականում խոսքը ծայրահեղ դեպքում կարող էր լինել լոկ երկրորդ փուլի մասին, իսկ Թատերական հրապարակում վրանային ճամբարի ցրելուն հաջորդած իրադարձությունները բնավ խաղաղ բնույթ չէին կրում։
ՀԻՇԵՑՆԵՄ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՈՒՄԲ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ 1991-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐ ընտրախախտումների հարցով։ Խմբի իրական խնդիրն է՝ հող նախապատրաստել 2026թ. ընտրություններին այն ուժերի մասնակցությունն արգելելու համար, որոնց կմեղադրեն նախորդ ընտրությունների կեղծումներին մասնակցության մեջ: Այս առնչությամբ դատական որոշումներ չկան, միջազգային դիտորդների բացասական գնահատականները վերաբերում են հիմնականում 1996թ. նախագահական ընտրություններին, ուստի խմբի ղեկավար Դանիել Իոաննիսյանին դժվար թե հաջողվի հավաքել փաստեր, որոնք հիմք կծառայեն ընտրություններին «Հայաստան» դաշինքի և ՀՀԿ-ի մասնակցությունն արգելելու համար։ Թեպետ, ժամանակից առաջ չընկնենք: Եթե Փաշինյանը հրամայի, «վնգստացող դատավորները» մեղադրական վճիռ կկայացնեն անգամ դատարկ թղթի հիման վրա…
Ռեժիմի կողմնակիցների ճամբարից կանոնավորապես կոչեր են հնչում արգելանք սահմանել համապետական ընտրություններին այն ուժերի մասնակցության դեմ, որոնք նախկինում մեղադրվել են ընտրախախտումներին առնչություն ունենալու մեջ: Փաշինյանը ակտիվորեն նախապատրաստում է քաղաքական դաշտն այդ արգելանքին, քանզի ՔՊ-ի հաղթանակը հնարավոր է միայն այն դեպքում, եթե չմասնակցեն քաղաքական ծանրաքաշները՝ ի դեմս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած ՀՀԿ-ի։
7 տարի անց էլ իշխող վերնաշերտը շարունակում է շահարկել 2008թ. փետրվարի 23-ի խորհրդակցությունը, «0038» գաղտնի հրամանը, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի ցուցմունքները: Խորհուրդ կտամ հիշել նաև 2018թ. հուլիսին Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին Անդրանիկ Քոչարյանի հասցեագրած ցուցմունքը, որում ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը հիշատակում էր գեներալ Մանվել Գրիգորյանին և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:
Մարտի 1-ի գործի արծարծման նպատակը ուշադրություն շեղելն է իշխող ռեժիմի հանցագործություններից։ Ընտրություններից կես տարի առաջ այլ օրակարգ Փաշինյանը չունի։ Իրականում նրա ակտիվում կա 3 պատերազմ, հազարավոր զինվորների մահ, տնտեսական ձախողումներ, 7 տարիներից յուրաքանչյուրի ընթացքում արտաքին պարտքի աճ 1-ական միլիարդով, աղքատության մինչև 40% մակարդակ, նոր աշխատատեղերի բացակայություն, հանցավորության մոլեգնություն և արդյունաբերական արտադրության ակնհայտ հետընթաց։
Ճիշտ ժամանակն է վերակենդանացնել «նախկինների» թեման, քանզի երբ ստորաքարշորեն սպասարկում ես արտաքին թշնամիների շահերը, պիտի պատերազմ հայտարարես «ներքին թշնամիներին», նույն այն «սևերին», «հակահեղափոխականներին», «նախկին քրեաօլիգարխական ռեժիմի ներկայացուցիչներին». դե, 7 տարվա ընթացքում ոչ մի նոր բան չի մտահղացել…
