Վերջերս ՀՀ էկոնոմիկայի նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի աճի տեմպերով երկիրը 4-րդ տեղն է զբաղեցնում է աշխարհում: Վկայակոչում էր ԱՄՀ տվյալները։
ԱՅՈ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ն ՏԱՐԵՑՏԱՐԻ ԱՃՈՒՄ Է, ԱՅՈ, ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՄԵԿ ՇՆՉԻՆ ԲԱԺԻՆ ԸՆԿՆՈՂ ՀՆԱ-Ն ԱՃԵԼ Է ԲԱՎԱԿԱՆ ԶԳԱԼԻ ՉԱՓՈՎ։ Հարցն այն է, թե որքանով շոշափելի գտնվեց այդ աճը երկրի միջին վիճակագրական քաղաքացու համար, որքանով է դա բարելավել նրա կյանքի որակը։ Ահա ուրեմն, այդտեղ գործնականում ոչինչ չի փոխվել, ՀՆԱ-ի աճը չի հանգեցրել բնակչության եկամուտների աճի։
Նախորդ տարվա տվյալներով՝ Հայաստանում մեկ շնչի հաշվարկով միջին ամսական ֆինանսական եկամուտը կազմել է 90 հազար դրամ։ Ուղիղն ասենք, ողբալի ցուցանիշ, եթե հաշվի առնենք, որ նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ է։ Այսինքն միջին վիճակագրական քաղաքացու եկամուտը թույլ է տալիս նրան մնալ լոկ գոյատևման եզրին։ Ասենք, այդ եզրը որոշվում է ոչ միայն եկամուտներով, այլև ծախսերով: Եվ ահա, մեկ շնչի հաշվով սպառողական ծախսերի միջին ցուցանիշն անցած տարի կազմել է 60 հազար դրամ։ Ընդ որում կարևոր է նշել, որ այդ ծախսերի 43%-ը սննդամթերքն է: Գումարած՝ ևս 15% ծախսվում է կոմունալ ծառայությունների վճարման վրա։ Դրան հավելենք, որ բոլոր ծախսերի ավելի քան 8%-ը կազմում են բժշկական ծառայություններն ու տրանսպորտը։ Այսպիսով պարզվում է, որ մեկ անձի ծախսերի առյուծի բաժինը այն նվազագույնն է, որն անհրաժեշտ է պարզապես գոյատևելու համար: Վերցրեք թեկուզ սնունդը: Սննդի վրա միջին ամսական ծախսը գրանցված է 26 556 դրամի չափով։ Այո, օրական 1000 դրամից պակաս հատկացնել սննդին կարելի է, բայց միայն սովից չմեռնելու համար։
Հարկ է ուշադրություն դարձնել նաև այն փաստին, որ այդ նույն միջին վիճակագրական քաղաքացու պահանջմունքները սեփական բարեկեցության առումով բավական համեստ են։ Ըստ տարբեր հարցումների արդյունքում Վիճակագրական կոմիտեի ստացած տվյալների՝ լավ ապրելու համար մեկ անձի ամսական եկամուտը պետք է կազմի 185 հազար դրամ, իսկ որպեսզի նա իր կյանքը շատ լավը համարի, պետք է գրեթե 374 հազար դրամ։
Երկրում սոցիալական այսպիսի վիճակի, բնակչության չնչին եկամուտների և մարդկային նվազագույն կարիքների համար ծախսերի աճի խորապատկերին՝ այն փաստը, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի աճով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 4-րդ տեղը, ինչպես ասում են՝ մարդկանց սրտին դարման չէ։ Բացարձակապես: Եվ գոյատևման եզրին հայտնված ժողովուրդը հաստատ չի կարող համարել, թե սկսել է 50%-ով ավելի լավ է ապրել, ինչպես փորձում է հանրությանը համոզել Փաշինյանը։ Իրականում ո՛չ ՀՆԱ-ի աճը, ո՛չ բյուջեի եկամուտների աճը, ո՛չ կառավարության բազմամիլիոնանոց վարկերը քաղաքացիների մեծամասնության կյանքի որակի վրա չեն անդրադառնում։
